Thursday, September 30, 2010

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՀ սփյուռքի նախարարության կայացման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսը

Սեպտեմբերի 29-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի` ՀՀ սփյուռքի նախարարության կայացման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսը, որն ուղիղ եթերում հեռարձակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ներկայացնելով 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը` նախարար Հակոբյանը 2009թ. որակվեց որպես նախարարության կազմավորման (գաղափարական, իրավական, կազմակերպչական եւ ֆինանսական), 2010թ. Սփյուռքի հիմնահարցերին անդրադարձի եւ համահայկական քննարկումների, երաշխավորությունների մշակման տարիներ, իսկ 2011-ը կանխորոշեց դարձնել Սփյուռքի միջազգայնացման ժամանակաշրջան:
ՙՀանրապետության Նախագահը, այցելելով հայկական համայնքներ, կատարում է հարցադրումներ, որոնք էլ դառնում են մեր նախարարության գործունեության համար ուղենիշ եւ գործունեության հինմնական առանցք՚, - ընդգծեց գերատեսչության ղեկավարը` հավելելով, - ՙՀայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, իսկ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Ուստի Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է գան Հայրենիք, գործ դնեն եւ շահույթ ստանան: Այս առումով, շատ կարեւոր է երկուստեք ճիշտ կազմակերպել աշխատանքները՚:
Նախարարը նկատեց, որ վերջին 2 տարիների ընթացքում անհամեմատ շատ է խոսվում Սփյուռքի մասին: Այդ են վկայում տպագիր եւ էլեկտրոնային մամուլում տեղ գտած Սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձող ավելի քան 1800 հրապարակումները:
Տիկին Հակոբյանը պարզաբանեց, որ արդեն ձեւակերպված են համահայկական նշանակության մի շարք խնդիրներ` ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Հայրենիքի հզորացման եւ Սփյուռքի հայապահպանության: ՙԱյստեղից էլ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնական գործառույթները, որոնցից է Սփյուռքի ներուժի համախմբումը եւ օգտագործումը Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման համար` մասնագիտական համաժողովների օգնությամբ՚, - նշեց նախարարը` ներկայացնելով 2 տարիների ընթացքում իրականացրած 9 մասնագիտական համաժողովներն ու գիտաժողովները:
Հ. Հակոբյանը ներկայացրեց նաեւ իրականացված կրթական եւ տարածաշրջանային ծրագրերը, ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ նախաձեռնությամբ հրատարակված 20 գրքերն ու երգերի խտասալիկները, խոսեց նախարարության պաշտոնական կայքէջի եւ ՙՀայերն այսօր՚ համահայկական էլեկտրոնային թերթի լույսընծայման եւ նշված ժամանակահատվածում թողարկված ավելի քան 11.870 նյութերի մասին:
ՀՀ սփյուռքի նախարարին կից գործում է Ատյան, որտեղ ներգրավված են սփյուռքահայեր եւ նրանք ակտիվ մասնակցում են ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնվող եւ իրականացվող ծրագրերին:
Գերատեսչության ղեկավարը անդրադարձավ նաեւ նախաձեռնած 4 օրենքներում կատարված փոփոխություններին եւ լրացումներին, ՀՀ կառավարության եւ ՀՀ Վարչապետի կողմից նախարարության նախաձեռնությամբ ընդունած որոշումներին:
Նախարարը ուղիղ եթերում պատասխանեց ԱՄՆ-ի ARTN.tv հայկական հեռուստաալիքի հարցերին: Ներկա լրագրողները եւ Սփյուռքի մեր հայրենակիցները, ողջունելով նախարարության տարեդարձը, իրենց հուզող հարցերն ուղղեցին տիկին Հակոբյանին եւ ստացան պատասխաններ:
29.09.2010թ.
Հայաստանի Հանրապետություն Սփյուռքի Նախարարության

No comments: