Thursday, September 30, 2010

Հայկական տառատեսակների թվային բազա է ստեղծվում

News.am. 29-9-2010- Հայաստանի ազգային գրապալատում այժմ գոյություն ունեն հազարավոր գրքեր եւ տառատեսակներ։ Ներկայումս Հայաստանի ազգային գրապալատում սկսվել է հայկական տառատեսակների թվային բազայի ստեղծումը։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարարության ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Գույումջյանը՝ նշելով, որ հայկական տառատեսակների թվայնացման նպատակը մշակութային պահպանությունն է։
«Խնդիրն այն է, որ տպագրական բազմաթիվ տառատեսակներ այսօր դուրս են գալիս կիրառությունից, իսկ նրանց մետաղական օրինակները, ցավոք, չեն պահպանվել»,-ասաց Գ. Գույումջյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս տառատեսակների պահպանության գործում առաջնահերթությունը տրվում է մաշտոցյան տառատեսակներին եւ այն գրքերին, որոնց կորուստը կարող է բերել հնագույն եւ գեղեցիկ տառատեսակների ոչնչացման։
«Տառատեսակները մենք հաշվում ենք համալիրներով: Համալիրը ներառում է՝ տառատեսակի մեծատառը, փոքրատառը, լրացուցիչ նիշեր եւ տառի այլ տեսակները»,-ասաց Գ. Գույումջյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի ազգային գրապալատին տրվում է պատվեր՝ թվայնացնել 2-3 համալիր, իսկ դրանց թիվը հետագայում կարող է ավելանալ։
NEWS.am- Ինովացիայի թղթակցի հարցին՝ թե, արդյոք, կարիք կա՞ թվայնացնել Հայաստանի ազգային գրապալատում առկա բոլոր տառատեսակները, Գույումջյանը պատասխանեց. «Չէ, կարիք չկա, բայց մենք ունենք պահպանման խնդիր, այն հարստությունը, որը մենք ունեցել ենք: Երկրորդ խնդիրը լավագույն տառատեսակները նորից կյանքի կոչելն է, եւ երրորդ. վերջապես այսօրվա ձեր տեխնիկական տեխնոլոգիաներում տառարվեստը ունի իր խնդիրները եւ եթե առաջ այդ տառարվեստը մենք ուղղակի նկարում էինք ձեռքով, ապա ներկայումս, ըստ էության, տառ ստեղծելու համակարգչային ծրագրեր կան եւ այդ ոլորտում մյուսներից հետ չընկնելու համար պետք է զարգացնելու այն։
Թվայնացումը մեզ համար ինքնանպատակ չէ: Դա այն բազան է, որը պետք է վաղուց ստեղծվեր, եթե մենք այսօր այդ բազան չստեղծենք, վաղը կարող ենք շատ տառատեսակներ կորցնել»։
Նշենք, որ 2007 թվականին հաստատվել է ՀՀ Կառավարության «Հայկական տառատեսակների պահպանման եւ զարգացման» ծրագիրը, որի շրջանակում բացվեց Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման եւ զարգացման բաժինը, որը եւ զբաղվում է տառատեսակների թվայնացման աշխատանքներով։

No comments: