Sunday, September 5, 2010

ՆԱՄԱԿ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Այսօր մի խումբ հասարակական նախաձեռնություններ ի պաշտպանություն հայալեզու կրթության երթ են անելու Օշական, Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Երթին մասնակից երիտասարդները Մաշտոցին են տանելու խորհրդանշական մի նամակ, որում ասվում է. Շնորհիվ Քո մեծագույն ու մեզ համար ամենագլխավոր սխրագործության` մենք` Քո ժառանգները, դեռ կանք ու հպարտանում և խոնարհվում ենք Քո մեծության առաջ… Երդվում ենք, որ առնվազն մեր կյանքով ենք պարտական անաղարտ ու ամուր հիմքերի վրա պահպանել ու զարգացնել Քեզնից ժառանգած մեր ազգի բովանդակությունը` Քո շնորհիվ պահպանված մեր լեզուն: Մենք գիտենք, որ մեր` հայերիս դեպքում ազգը մեր լեզուն է, ու որ քո մտահոգություններն այժմ ավելի քան արդիական են: Մենք հպարտության ու երջանկության գիտակցումով ենք նայում ողջ աշխարհին, որ ունենք ազային պետություն, որի հիմքերի հիմքը Քո օտարազերծած մեր մայրենի լեզուն է, Մաշտոցյան գրերը, որոք տարբերվում են մինչև Քեզ ու Քեզանից հետո ստեղծված բոլոր ժողովուրդների գրերից, ինչով մենք շատ ենք հպարտանում: Ցավոք, այսօրվա մեր իշխանությունը փորձում է վտանգի տակ դնել մեր ազգի գոյության հիմքը` լեզուն, որ Քեզանից սկսած մինչև մեր օրերը (շուրջ 1600 տարի) պահպանել է մեզ: Մենք Քո գործի դրդապատճառներից գիտենք, որ նյութից ու ձևից ավելի կարևոր է բովանդակությունը: Մենք քո երկնային հովանավորչությամբ թույլ չենք տա, որ այն հիմքերի հիմքը, ինչի համար, որ մեզ պետք է նյութը` հողը, զիջենք, այսինքն` ձեռք բերենք մի բան` տալով դրա դիմաց այն, ինչի համար այդ բանը մեզ պետք Էր: Պարզ է, որ հայրենիք պահպանելն անիմաստ կդառնա լեզվի կորստի դեպքում… Խնդրում ենք` նեցուկ լինես մեզ ու օգնես այս օրհասական պահին.. Մի խումբ հայ երիտասարդներ

No comments: