
«Լրագիր», 03.09.10: Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր Երեւանի քաղապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը՝ քաղաքապետարանը արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը:
Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.1.2 կետի, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելումը տվյալ տեղում այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկեր այդ միջոցառման մասին, ինչը չի արել: Այսպիսով արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է:
Խնդիրը, սակայն, միայն իրավական չէ: Հանրահայտ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարանները ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Գործող բռնապետական ռեժիմն անզորությունից և սարսափից է, որ դիմում է մանր աֆերիստի մեքենայությունների, ամենաճղճիմ քայլերի. քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, Ազատության հրապարակը լցնել զանազան կարուսելներով, ըստ էության թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում:
Ռեժիմի սարսափը հասկանալի է: Ազատության հրապարկը կոչվել է այդպես այն պահից, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը: Այն կոչվեց այդպես, որովհետեւ այնտեղ է ծնվել մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան ժողովրդի եւ իր երկրի տեր քաղաքացու զգացողությունը: 1988-1990 համաժողովրդական ցույցերը Ազատության հրապարակում վճռորոշ դեր խաղացին ժողովրդավարության հաղթանակի համար, իսկ հետագայում Ազատության հրապարակը ավանդաբար ու անարգել ծառայել է քաղաքական ակտիվության եւ ցույցերի տեղի: Արգելելով ցույցերը Ազատության հրապարակում, իշխանություններն իրականում ցանկանում են մեր հասարակության գիտակցության մեջ արմատավորել, որ 1988-1990 թավշյա ժողովրդավարական հեղափոխության նվաճումներն այլեւս չեն գործում: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով, խախտելով Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան՝ իշխանությունները դրանով նաեւ ընդունում են, որ չեն տիրապետում իրավիճակին, եւ, հակառակ իրենց հենց պնդումների, ներքաղաքական ճգնաժամը համարում են չհաղթահարված:
Հայ Ազգային Կոնգրեսին այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը ապահովելու, միեւնույն ժամանակ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով մենք տրամադրում ենք խուճապահար այս իշխանություններին հնարավորություն` բանական ժամկետներում հարցը կարգավորելու Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում: Այդ ընթացքում Հայ Ազգային Կոնգրես - միացյալ ընդդիմությունը կիրականացնի հետեւյալ գործողությունները.
1. Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ։
2. Ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր կներկայացվեն Երեւանի քաղաքապետարան։
3. Արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչեւ Եւրոպական դատարան։ Դրանք կներկայացվեն նաեւ Եւրոպայի Խորհրդին, միջազգային այլ ժողովրդավարական ինստիտւտների եւ իրավապաշտպան կազմակերպությունների։
Բանական ժամկետներում Ազատության հրապարակում ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը չհարգելու դեպքում միացյալ ընդդիմությունն իրեն իրավունք կվերապահի հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, անկախ այն բանից, թե ինչ որոշում կընդունեն իշխանությունները:
No comments:
Post a Comment