Saturday, September 25, 2010

Ադրբեջանն եւ Վրաստանը հստակեցնում են իրենց սահմանները

News.am. 24-9-2010- Ադրբեջանի Բալաքեն քաղաքում սեպտեմբերի 23-24-ը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պետական հանձնաժողովի հերթական` համատեղ 11-րդ նիստը: «Քննարկման ընթացքում որոշում է կայացվել փորձագետների կողմից անմիջականորեն տեղում ճշգրտել չհամաձայնեցված տարածքները»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նիստի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաեւ սահմանային գծի հետ կապված չհամաձայնեցված այլ հարցերի շուրջ: Ընդունվել են իրավական-նորմատիվ ակտեր եւ խնդրին առնչվող այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ հստակեցվել են խնդրո առարկայի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները: Տեսակետների մոտեցման նպատակով որոշում է ընդունվել տվյալ ոլորտում միջոցառումների եւ քննարկումների անցկացման շարունակականության մասին: Հերթական համատեղ ժողովի անցկացման ժամկետը կհստակեցվի դիվանագիտական խողովակներով, հայտնում է ադրբեջանական Trend-ը:
Նշենք, որ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պետական հանձնաժողովը գործում է 1996 թվականից: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ առկա ընդհանուր սահմանի 480 կիլոմետրից համաձայնեցված է ընդամենը 300-ը: Մնացած 180 կիլոմետրի շուրջ առայժմ համաձայնություն ձեռք չի բերվել:

No comments: