Thursday, September 16, 2010

ՆԱՏՕ-Ն ՁԳՏՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ

«Լրագիր» 16-9-2010- ՆԱՏՕ-ի զորքը կարող է հայտնվել Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին կարելի է դատել վերջին հայտարարություններով, որոնք հնչեցին Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո:
Առաջինը արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ով հայտարարեց, որ “հակամարտության կողմերը Ղարաբաղում չեն ցանկանում խաղաղապահներ տեսնել”: Դա նշանակում է, որ ինտենսիվ բանակցություն է ընթանում խաղաղապահների տեղակայման շուրջ, բայց կողմերը դեռ չեն համաձայնվում: Կապվա՞ծ է արդյոք կողմերի անհամաձայնությունը խաղաղապահների կազմի հետ (ռուսական, թե նատօ-ական), թե արտասահմանյան զինուժի տեղակայման հետ ընդհանրապես, չի հաղորդվում: Բոլոր դեպքերում, Ռոբերտ Բրադկեն հայտարարեց, թե սպասումներ ունեն Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման կապակցությամբ ԵԱՀԿ Վեհաժողովի ընթացքում, որը դեկտեմբերին տեղի կունենա Ղազախստանում: “Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավարների հետ միասին կնստեն մի սեղանի շուրջ: Անկասկած, հակամարտող կողմերի դիրքորոշումների տարբերությունը կրկին կլինի ուշադրության կենտրոնում”, ասել է Բրադկեն: Բայց նա ակնարկեց, թե որոշակի հարցերում կարող է լինել առաջխաղացում: Չի բացառվում, որ խոսքը խաղաղապահների մասին է:

Հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, ով Երեւանում ասաց, որ ՆԱՏՕ-ն կդիտարկի Ղարաբաղի հակամարտության գոտում զորք տեղակայելու հայտը, եթե հակամարտ կողմերը ներկայացնեն այդպիսի հայտ: Մինչ այդ, ՆԱՏՕ-ն կտրականապես բացառում էր Ղարաբաղի հարցում ներգրավվածությունը, նշելով, որ դրանով զբաղվում է ԵԱՀԿ-ն:

Եվ ահա վերջին տեղեկատվությունը. ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը անհրաժեշտ է համարել “վերսկսել Լեռնային Ղարաբաղում բռնությունը կանխելու ջանքերը”: Դա նշանակում է ոչ այլ ինչ, քան խաղաղապահ ուժերի տեղակայում:

Իսկ ահա ԱՄՆ արձագանքը Հայաստանում ՌԴ ռազմակայանի մանդատի ընդլայնմանը. “Գեյթսը ընդգծել է 2008 թվականի օգոստոսին կնքված կրակի դադարեցման մասին համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը եւ կոչ արել ռուսական կողմին տարածաշրջանում իրենց զինուժի հետ կապված մեծ թափանցիկության”, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը: Դա նշանակում է, որ ԱՄՆ հաշվի է առնում այն, որ ռուսական զորքը ստացել է Հայաստանի թույլտվությունը “ապահովել անվտանգությունը” նրա ողջ տարածքում եւ միանգամայն կարող են հայտնվել Ղարաբաղի հակամարտության գոտում: Բայց ԱՄՆ զգուշացնում է, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ռուսաստանի միանձնյա ներկայություն:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: