Thursday, September 16, 2010

Մայր Աթոռը չի վազում լարախաղացների ետեւից

Report.am. 16-9-2010- Երեք օրից տեղի կունենա այդքան սպասված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման արարողությունը, եւ, ի վերջո, կստանանք "Կտեղադրվի արդյո՞ք խաչը գմբեթին" չարչրկված հարցի պատասխանը: Իսկ մինչ այդ, "Հենարան" մամուլի ակումբում թեմայի շուրջ խոսեց նաեւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով, ի դեպ, հայկական մի շարք հկ-ների եւ քաղաքական կազմակերպությունների տնօրենների նման Թուրքիայի վարչապետ էրդողանի կողմից պատարագին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել:
"Մի քիչ անհեթեթ կլիներ հրավեր ուղղարկել մեկին, ով ոչ այլ ոք է, քան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն",- նշում է Հայկ Դեմոյանը, եւ ավելացնում, որ պատարագին մասնակցելու հայակական կողմի պատասխանը ադեկվատ էր:
"Այո', կարող էինք գնալ եւ մասնակցել արարողությանը, մեր կողմից էլ շատ համարձակ քայլ կլիներ տեղում Ցեղասպանության զոհերի հիշատակին հոգեհանգիստ կարդալ, բայց, այդուամենայնիվ, կարծում եմ, որ Մայր Աթոռը ճիշտ որոշում է կայացրել` ցույց տալով, որ լարախաղացների ետեւից չենք գնում: Այնտեղ լինելու է ոչ այլ ինչ, քան քաղաքական շոու, եւ Թուրքիայի վարչապետի հրավերները վկայում են այն մասին, որ շոուն հաջողությամբ չի պսակվի",- համոզված է Հայկ Դեմոյանը:
Թուրքիայի օդանավակայանում հայ լրագրողների հետ միջադեպը, ըստ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի, վկայում է այն մասին, որ Թուրքիայի ներսում որոշումներ կայացնողների եւ որոշ խմբավորումների միջեւ բախում կա: Մի խմբավորումը փորձում է խանգարել մյուս խմբավորման նախաձեռնությունը, եւ այս պայմաններում, իզուր չէ, որ Թուրքիային կոչում են հատվածային հասարակություն եւ հատվածային պետություն, որովհետեւ բաժանարար գծերն ու խմբավորումներն այնտեղ շատ են: Հայկ Դեմոյանը հիշեց թուրքական հայտնի ասացվածքը. "Մենք չունենք գերմանական թնդանոթներ, ռուսական կազակներ… բայց մենք ունենք փափուկ մի բարձ, որ ցանկացած պարագայում կարող ենք դնել այս բոլորի գլխի տակ": Եվ, Աղթամարի պարագայում, ըստ բանախոսի, թուրքերն այդ բարձը դրեցին հենց իրենց գլխի տակ, քանի որ անիմաստ քարոզչական աղմուկն ու հնարքները, որ արեցին, արժեզրկեց իրենց ամբողջ քարոզչական ծրագրի իմաստը:
Այսօր Հայկ Դեմոյանն այլեւս չի զարմանում, որ Թուրքիայում ինչ - որ բան այն չէ, եւ իր համար խորամանկ թուրքական դիվանագիտության առասպելն այլեւս արժեզրկված է:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կարծում է, որ միջազգային կազմակերպությունները եւս պետք է միջամտեն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խաչի տեղադրմանը:
"Եթե այսօր այրվում է Ղուրանը, եւ մահմեդական աշխարհը արձագանքում է, ապա քրիստոնեական տաճարի հետ նման անհարգալից վերաբերմունքը համապատասխան արձագանք պետք է ստանա նաեւ քրիստոնեական աշխարհի կողմից: Եվ այսօր ժամանակն է, որ Հայաստանը հետագա ոտնձգություններից խուսափելու համար հասնի նրան, որ Անի մայրաքաղաքը ընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ -ի պատմամշակութային ժառանգության շարքում",-նշում է բանախոսը եւ հավելում. "Այս կերպ մենք հստակ ուղերձ կհղենք` հղում տալով Աղթամարի նախադեպին, որ մեզ համար քրիստոնեական հայկական ժառանգության նկատմամբ անընդունելի են նման խամաճիկությունները":
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

No comments: