Thursday, September 30, 2010

Բահչելին թքած ունի օրենքի վրա. ազգայնականների շոուին միանում են նաև ադրբեջանցիները

Tert.am. 30-9-2010- Անկախ այն բանից, թե թուրքական իշխանություններն ինչ պատասխան կտան Անիի ավերակներում նամազ անելու «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի նախաձեռնությանը, վաղը` հոկտեմբերի 1-ին, այնտեղ նամազ լինելու է: Այս մասին, թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել են Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության (ԱՇԿ) բարձրաստիճան ներկայացուցիչները` կուսակցության գլխավոր քարտուղար Ջիհան Փաչաջըն և փոխնախագահներ Ֆարուք Բալն ու Սեմիհ Յալչընը:
Ընդգծելով, որ Անիի ավերակներում ուրբաթօրյա աղոթքին միանալու են նաև ադրբեջանցիներ, ազգայնականները հայտարարել են.
«Մենք օրենքի շրջանակում իրազեկել ենք իշխանություններին, որևէ թերի բան չի մնացել: Թույլ կտան, թե ոչ, իրենց գործն է: Մենք Անիի ավերակներում ուրբաթօրյա նամազ ենք անելու»,- հայտարարել են ԱՇԿ ներկայացուցիչները:
Անդրադառնալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի այն հայտարարությանը, թե Բահչելիի նախաձեռնությունը հակասահմանադրական է, թուրք ազգայնականները հայտարարել են.
«Ցավալի է, որ պարոն Գյունայը չգիտի, որ ուրբաթօրյա նամազը մեկ հոգով չեն անում… Բավական է նայել միայն Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի 2-րդ կետին: Անիում նամազ անելու համար թույլտվության կարիք չկա: Հակառակ Գյունայի պնդման, մենք կրոնը շահարկելու նպատակ չունենք: Իսկ այնտեղ կուսակցության դրոշ չի լինելու, լինելու է միայն Թուրքիայի Հանրապետության դրոշը»,- հայտարարել է ԱՇԿ-ի փոխնախագահ Սեմիհ Յալչընը` ավելացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ եկած բացասական զարգացումների դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով ԱՇԿ ներկայացուցիչները խորհրդանշական երթ են կազմակերպելու նաև դեպի հայ-թուրքական սահման։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՇԿ ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ ի պատասխան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագի, պատրաստվում է իր 40 կուսակիցների հետ հոկտեմբերի 1-ին ուրբաթօրյա նամազն անել սուլթան Ալփասլանի կողմից 1064թ. մզկիթի վերածված Անիի Մայր տաճարում:
Նշենք նաև, որ Դևլեթ Բահչելիի` Անիի ավերակներում զանգվածային նամազ անելու վերաբերյալ հայտարարությանն արձագանքել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը` ընդգծելով, որ Բահչելիի այդ նախաձեռնությունը կարող է հակասել Թուրքիայի Սահմանադրությանը:
«Եթե խոսքն անհատապես նամազ անելու մասին է, կարելի է գտնել մի մաքուր վայր և աղոթք անել: Սակայն եթե նման միջոցառումը կրի զանգվածային բնույթ, կարծում եմ, այն հակասության մեջ է մտնելու Սահմանադրության և քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքի հետ»,- հայտարարել էր թուրք նախարարը:

No comments: