Tuesday, September 7, 2010

Թբիլիսիում հայկական դպրոցներ են փակվում. ահազանգում է Վրաստանի Հայ Համայնքը

Վրաստանի Հայ Համայնքը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինին` Թբիլիսիի հանրակրթական թիվ 110, 95 դպրոցների եւ թիվ 146 դպրոցի հայկական բաժնի լուծարման ու վերակազմավորման մասին` վերջերս տարածված լուրերի առնչությամբ:
Վրաստանի Հայ Համայնքի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումում Վրաստանի Հայ Համայնքը նախարարությանը խնդրում է պատասխանել հետեւյալ հարցերին.

1. Ի՞նչ շարժառիթներով են պայմանավորված Վրաստանի ԿԳՆ որոշումները նշված դպրոցների լուծարման-վերակազմավորման մասին,

2. Ի՞նչ պայմաններում պետք է անցնեն այդ գործընթացները կոնկրետ այդ դպրոցներում:

«Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 110 եւ 146 հանրակրթական դպրոցներն այն կրթօջախներից են, որտեղ գործում են հայկական բաժիններ, իսկ թիվ 95-ը զուտ հայկական դպրոց է, ուր, բնականաբար, սովորում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Բնական է, որ Վրաստանի տարածքում գործող կրթության ու մշակույթի հայկական օջախները Վրաստանի Հայ Համայնքի հատուկ ուշադրության առարկան են, եւ այդ կառույցների հետ կապված ամեն կարգի գործունեություն՝ լուծարում, վերակազմավորում կամ այլ փոփոխություն, անմիջականորեն վերաբերում է Վրաստանի Հայ Համայնքի անդամներին՝ ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներին ու նրանց կենսական շահերին»,- ասված է դիմումում:

Վրաստանի Հայ Համայնքը հույս է հայտնում, որ Վրաստանի ԿԳՆ-ն, որպես պետական իրական ժողովրդավարական մարմին, կկատարի իր ստանձնած պարտավորություններն ազգային փոքրամասնությունների իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնության` մայրենի լեզվով ուսում ստանալու եւ մշակույթը պահպանելու պաշտպանության հարցում:

No comments: