Tuesday, September 7, 2010

Արիֆ Ալիև. Ադրբեջանում պետական պաշտոնյաները սխալ են հասկանում խոսքի և արտահայտվելու ազատության իմաստը

Panorama.am. 6-9-2010- «Դեռ կես տարի առաջ երբ խոսքի և արտահայտման ազատության հետ կապված Ադրբեջանում կային լարվածություններ, առաջացել է խոսքի ազատության պաշտպանության հասարակական առաքելություն ծավալելու գաղափար»,- «Объектив ТВ» էլեկտրոնային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի լրագրողների միության նախագահ Արիֆ Ալիևը: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությանը:

Դիտարկմանը, թե ադրբեջանական իշխանությունները միշտ պնդում են, որ խոսքի և արտահայտման ազատությունը Ադրբեջանում ամբողջությամբ պաշտպանված են, նույնիսկ ԶԼՄ-ներին պետության կողմից օգնության հիմնադրամ է ստեղծվել, Ալիևը պատասխանել է.

«Պարզապես մեր մոտ պետական պաշտոնյաները սխալ են հասկանում խոսքի և արտահայտվելու ազատության իմաստը: Նրանց ավելի շատ թվում է, որ եթե պետությունը օգնում է անկախ ԶԼՄ-ներին և խոսքի ազատության կենտրոններին` վերցնելով նրանց իր հովանավորության տակ, ապա դա նշանակում է խոսքի ազատության պաշտպանություն: Իսկ իրականում այս գործընթացում պետության նյութական, ֆինանսական մասնակցությունը բերում է իշխանություններից ԶԼՄ-ների նյութական կախվածության, ինչն էլ խոսքի ազատության սահմանափակում է նշանակում: Սա տանում է դեպի ճահճացում: Իսկ եթե մեզ ճահիճն են գցում, ապա դա կամ անում են գիտակցաբար, կամ կառավարությունը սխալ պատկերացում ունի: Ես կարծում եմ, որ դա արվում է գիտակցաբար»:

Լրագրողների միության նախագահը նաև օրիանակ է բերել պետական գործիչների կողմից ցուցաբերած անտեղյակության կապակցությամբ. «Կազմակերպվող ֆորումի կապակցությամբ թռուցիկներ էինք պատրաստել, թե ինչ է խոսքի և արտահայտվելու ազատությունը: Զրույցներից մեկի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասել է, թե «Ի՞նչ եք հորինում» արտահայտվելու ազատությունը դա նույն խոսքի ազատությունն է», այսինքն ակնհայտ երևում է որ շատերը չունեն պատկերացում, թե ինչով են իրարից տարբերվում խոսքի ազատությունը և արտահայտման ազատությունը»:

No comments: