Friday, September 24, 2010

Բեյրութում ցեղասպանությանը զոհ գնացած հայ որբերի շիրիմների տեղում խաչքար է տեղադրվել

News.am. Լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանի հոգատարարությամբ ու նյութական աջակցությամբ, Բեյրութի Անթուրայի Սուրբ Զոզեֆ քոլեջի գերեզմանոցում, որտեղ հինգ տարի առաջ հայտնաբերվել էին Հայոց Ցեղասպանությունը վերապրած ու թրքացման ծրագրին զոհ գնացած հայ որբերի շիրիմները, տեղադրվել է խաչքար-հուշակոթող։
Խաչքարի վրա հայերեն, արաբերեն, ֆրանսերեն եւ անգլերեն գրված է` «Ի հիշատակ հայ նահատակներին, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանության»:
Շիրիմները հայտնաբերած Միսակ Քելաշյանն իր հատուկ երախտիքի խոսքն է ուղղել Գոհար Խաչատուրյանին, քանի որ նա էր, ով առաջինն ու միակը արձագանքեց իր խնդրանքին եւ իրականություն դարձրեց այս կարեւոր ձեռնարկը, ինչը հավերժացնում է հայ որբ նահատակների հիշատակն ու նաեւ ապացուցում սերունդներին, որ Բեյրութի մերձակայքում գտնվող Անթուրա որբանոցում գոյություն ունի փաստ, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած զանգվածային սպանությունները հայերի նկատմամբ ցեղասպանություն են: Եղբայրական գերեզմանոցում հանգչում են ավելի քան 300 հայազգի որբեր, որոնք մահացել են խոլերայից ու սովից:
Ցեղասպանության ապացույցն այդ որբանոցի հայազգի ավելի քան 1.200 երեխաների պատմությունն է, որ մի քանի տարի առաջ ոչ մեկին հայտնի չէր:
Որբանոցն այն տարիների ղեկավարել է Ջեմալ փաշան` հայերի ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, եւ Թուրքիայի առաջին ֆեմինիստուհի Խալիդե Էդիպ Ադիվարը: Նրանք հայ երեխաներին ստիպողաբար թուրքական անուններ էին տալիս, ստիպում մահմեդականացվել եւ դաժանորեն ծեծում բոլոր նրանց, ովքեր հայերեն էին խոսում:
Երեխաների էթնիկ բռնի փոփոխությունը ցեղասպանության առաջին նշաններից մեկն է` համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի:
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի հրամաններից մեկում ասված էր, որ հինգ տարեկանից բարձր բոլոր օսմանահպատակ հայերը պետք է դուրս տարվեն քաղաքներից եւ սպանվեն:
Այդ երեխաների մի մասը ողջակիզվել է, մյուսները` թունավորվել, խեղդամահ են արվել, մահացել սովից ու հիվանդություններից:
Ցեղասպանության հետեւանքով, որբացած հարյուր հազարավոր երեխաները դատապարտված էին դավանափոխության կամ` ազգափոխության:
Մի շարք կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ, հետագա տարիներին հայտնաբերվել ու փրկագնով ազատվել են հազարավոր նման որբեր: Այնուամենայնիվ, նրանց մի ստվար հատված ուծացվել է:
Ի դեպ, ԱՄՆ-ում նկարահանվել է «Ցեղասպանության որբեր» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Անթուրայի որբանոցի մասին ու նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո որբացած 150.000 հայ որբերին: Ներկայում «Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրոդյուսերներն աշխատում են վավերագրական ֆիլմի մեկ ժամանոց տարբերակի վրա, որտեղ ներառվելու է նաեւ հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի բացառիկ հարցազրույցը, ով այցելել է Անթուրայի որբանոց ու առաջիններից մեկն է աշխարհում ` The Independent եւ այլ թերթերի միջոցով բարձրաձայնել հայոց ցեղասպանության փաստերից մեկի` որբ երեխաների բռնի դավանափոխության ծրագրի մասին:
Անթուրայի որբանոցում ` հայ որբերի եղբայրական գերեզմանոցի վրա` Օսմանյան կայսրության գործադրած ցեղասպանությանը զոհ գնացած հայ նահատակների հիշատակի խաչքար-հուշակոթողի բացման արարողությանը անդրադարձել են լիբանանյան բոլոր հայտնի թերթերն ու հեռուստաընկերությունները:
Բեյրութում այս հուշակոթողն արդեն անվանում են «լիբանանյան Ծիծեռնակաբերդ», ԳՈՀԱՐ խաչքար` զարդարված այբուբենով ու Կիլիկիայի թագավորության հատկանշական թագով:

No comments: