Thursday, September 16, 2010

Հայաստանին գազ մատակարարող գազամուղը չի վաճառվի. Արմեն Մովսիսյան

Հայաստանի գազամատակարարման ժամանակավոր դադարը զուտ տեխնիկական խնդրով է պայմանավորված, որևիցէ միտում չկա։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանիդպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Անդրադառնալով Հայասատանին ռուսական գազ մատակարարող և Վրաստանի տարածքով անցնող գազամուղն Ադրբեջանին վաճառելու վերաբերյալ խոսակցություններին՝ նախարարը շտապեց ցրել մտավախությունները. «Վրացական տարածքով Հայաստան եկող գազատարի շուրջ բարձրացված աղմուկը դադարել է, որևէ խոսակցություն չկա։ Վրացական կողմը ոչ թե դա հանել էր աճուրդի կամ պատրաստվում էր աճուրդի հանել, այլ ընդամենը ներքին կառուցվածքային փոփոխությունների արդյունքում սեփականության իրավունքների ձևակերպման համար գազամուղը հանել էր ռազմավարական օբյեկտների ցուցակից։ Այս պահին որևիցե խոսակցություն այդ մասին չկա»։
Անդրադառնալով Հայաստանին վաճառվող ռուսական գազի գների բարձրացման մասին խոսակցություններին՝ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարեվերջին Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսվում՝ հաջորդ տարվա ապրիլի 1-ին գազի նոր գին սահմանելու համար։
«Բանակցություններ դեռ չեն սկսվել, քանի որ ռուսական կողմը դեռ չի հայտարարել, թե ինչ գներ են նախատեսվում։ Հենց հայտարարություններ լինեն, կսկսվի բանակցային գործընթացը, և, բնականաբար, պետք է փորձենք հնարավորության սահմաններում գազի գինը ցածր պահել։ Այս պահին որևէ ռեալ բան հայտարարելը դեռ շուտ է։ Ավելորդ հայտարարություններ պետք չէ անել, թե ռուսական կողմը գազի ինչ գին կասահմանի Հայաստանի համար։ Բանակցությունները կավարտվեն, բոլորս կիմանանք»,- ընդգծեց նախարարը։
Արդյո՞ք իրանական գազի բարձր գինն է պատճառը, որ Հայաստանն Իրանից գազ չի գնում՝ հարցին Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Տարածաշրջանում չի կարող մի ապրանքի գինը մյուսից մեծ տարբերություն ունենալ։ Միշտ հավասարակշռված մոտեցում է եղել։ Չկա աշխարհում մի տարածաշրջան, որտեղ ինչ-որ մեկը նույն ապրանքը ծախի 200 դոլարով, մեկ ուրիշը՝ 100 դոլարով»։ Իսկ այն, որ Ռուսաստանը Թուրքիային ավելի բարձր գնով է գազ վաճառում, քան Հայաստանին, ըստ Արմեն Մովսիսյանի, դա հայկական կողմի առավելությունն է։

No comments: