Հայտարարում է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը
«ԱԶԳ», 15-09-2010- Սեպտեմբերի 11-ի համարում «Ազգը» «Պատարագին չմասնակցելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի որոշումը շոկի ներգործություն է ունեցել Վանում» վերնագրով տեղեկացրել էր, որ Վանի գործարարները ձեռնամուխ են լինում անձնական նախաձեռնությամբ տեղադելու Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու խաչը: Տեղեկության համար հիմք էր ծառայել Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահի Քանդաշօղլուի «Ռեֆերանս» թերթին արած հայտարարությունը, որտեղ նա ասում էր. «Այն խաչը, որի տեղադրումը տեխնիկական պատճառներով անհնար է համարում Վանի նահանգապետարանը, ճախարակներով ինքներս կտեղադրենք: Երկուշաբթի օրը խաչը կտանենք կղզի եւ ճախարակների օգնությամբ կբարձրացնենք եկեղեցու գմբեթը: Ես երաշխավորում եմ մեր հայ հյուրերին: Մենք խոսք ենք տալիս եւ մեր խոսքի տերն ենք»:Այսօր չորեքշաբթի է, խաչը ոչ միայն չի բարձրացվել Սուրբ Խաչի գմբեթը, այլեւ Աղթամար կղզի էլ չի տարվել: Սակայն խնդիրը Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հավաստիացումը չէ, այլ թուրքական իշխանությունների բարի կամքի բացակայությունը: Ընդ որումՙ այս իշխանությունները նույնպես դեռ 2007-ից խոստանում էին տեղադրել խաչը: Սեպտեմբերի 1-ին, սակայն, իրենց խոստումը մոռացան եւ հիշեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, թե ժամանակի սղությունը հնարավորություն չի տալիս տեղադրելու եկեղեցու խաչը:
Քանի որ սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսվող պատարագին մասնակցությունից Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Երուսաղեմի պատրիարքարանի եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հրաժարվելու որոշումը, ինչպես նաեւ մասնակցությունըՙ բոյկոտելու շարքային հայաստանցիների եւ սփյուռքահայերի արդարացի վերաբերմունքը մեծապես ձախողել է եկեղեցական արարողությունը քաղաքական շոուի վերածելու թուրքական իշխանությունների առաջադրանքը, ուստի եւ նրանք, փոխանակ խոստումի դրժման իրենց արարքն արդարացնելու մասին մտածելու, դեռ զայրանում են:
Մայր աթոռիՙ Երուսաղեմի պատրիարքարանի եւ Կիլիկիո կաթողիկոսության, ինչպես նաեւ պատարագին նախապես մասնակցելու պատրաստակամություն հայտնած հայերի վրա իշխանությունների հետ զայրանում են նաեւ թուրքական քաղաքական ու հասարակական շրջանակները, այն տրամաբանությամբ, թե ժամանակի սղությունն անհնար է դարձրել խաչի տեղադրումը, ուստի պատճառը հարգելի էր, իսկ իշխանությունները 95 տարվա ընդմիջումից հետո եկեղեցին բացելով ժամերգության համար մեծ շնորհ են արել ինչպես Հայ առաքելական եկեղեցուն, այնպես էլՙ համայն հայությանը:
Եթե խաչի տեղադրման պատճառը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, ապա դա տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին: Այսինքնՙ թուրքական իշխանությունները ժամանակի սղության խնդիր այլեւս չունեն: Իրականում նրանք ոչ էլ ունեցել են, որովհետեւ ընդամենը տեղադրման խոստում էին տալիս ոչ թե խաչն իսկապես տեղադելու, այլ տեղադրման պատրաստակամությամբ մատուցվող պատարագին ներկայացուցչություն հաղորդելու համար:
Ինչպես երեւում է, այս նույն տրամաբանությամբ առաջնորդվում է նաեւ Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանը: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Արամ սրբազանիՙ սեպտեմբերի 13-ին «Սթար» թերթում հրապարակած հարցազրույցին.
- Ի՞նչ կասեք ժամերգությունը բոյկոտելու հայկական եկեղեցու այլ աթոռների վերաբերմունքի շուրջը տարածվող խոսակցությունների առնչությամբ:
- Ժամերգության թույլտվություն ստացել ենք: Սա լուրջ զարգացում է: Սուրբ Խաչ եկեղեցին հայ համայնքի համար շատ կարեւոր աթոռ է: Պարզապես հետաձգվել է խաչի տեղադրումը: Մեր ղեկավարները չեն ասում, որ խաչը չի տեղադրվի: Ժամերգության օրը խաչը կբերենք, կկանգնեցնենք եկեղեցու մուտքի մոտ, ապա կդնենք սեղանի վրա: Հենց այդ օրը հայտարարելու ենք. «Պետությունը խոսք է տվել, խաչը ժամերգությունից հետո տեղադրվելու է»:
- Ժամերգության մասնակիցները հյուրընկալվելու են վանեցիների տներում: Սա հավանաբար կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանը...
- Հանդուրժողականություն բառը ես չեմ սիրում: Թող ոչ ոք ինձ չհանդուրժի, որովհետեւ ես որեւէ մեղք չեմ գործել: Եթե ժամանողներին չհաջողվի տեղ ապահովել հյուրանոցներում կամ ոստիկանատան կացարաններում, եւ բնակիչները նրանց առջեւ բացեն իրենց դռները, ապա դա յուրօրինակ ժեստ է: Ակնկալվում էր, որ արտասահմանից մեծ թվով մարդիկ մասնակցեն եկեղեցական արարողությանը: Մասնակիցների թիվը կրճատվեց: Ես ակնկալում էի 5 հազար հոգի: Այս ցուցանիշը մի քանի շաբաթվա մեջ նվազել էր մինչեւ 2 000-2 500-ի: Բայց ինչ էլ որ լինի, ավելի քան հազար մարդ կմասնակցի: Այս ամենի պատճառը բոյկոտն է: Ի՞նչ անենք, աշխարհը բոյկոտում է նաեւ մեր առաջնորդին (նկատի ունի վարչապետ Էրդողանին): Շատ սփյուռքահայեր հրաժարվել են գալ: Եթե Հայաստանից 100 հոգի էր գալու, կգա 50-ը, Ամերիկայիցՙ 500-ի փոխարենՙ 200: Խաչի պատճառով չեն գալիս, բայց պոլսահայությանը կմասնակցի արարողությանը:
- Կարծեմ դիմումն ընդունվել էր մարտին:
- Աղթամար եկեղեցու վերականգնումն ավարտվել է 2006-ին եւ դրա համար ծախսվել է 2 մլն 600 հազար թուրքական լիրա: 2009-ի դեկտեմբերին 20-ին Վանի նահանգապետարանը եկեղեցին ժամերգության համար բացելու խնդրանքով դիմում է ներկայացրել մշակույթի եւ զբոսաշրջության նախարարություն, իսկ 2010-ի մարտի 25-ին նախարար Էրթուղլու Գյունայն ընդունել է դիմումը:
Հիշեցման կարգով նշենք, որ նախքան պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանի հարցազրույցըՙ սեպտեմբերի 7-ին հաղորդագրությամբ հանդես էր եկել պատրիարքարանի հոգեւոր խորհուրդը, որին սեպտեմբերի 8-ի համարում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, արձագանքել էր «Հաբերթուրք» թերթը: Հաղորդագրությամբ հոգեւոր խորհուրդն ասում էր. «Թուրքական պետությունը չի հրաժարվում խաչի տեղադրումից: Ընդամենն ասում է, որ տեխնիկական պատճառներով անհնար է խաչը մինչեւ պատարագ տեղադրելը: Պատարագից հետո սկզբնավորվելու է խաչի տեղադրման գործընթացը: Մի՞թե կարելի է բարի կամքի այս դրսեւորմանն արձագանքել չար կամքով»:
Կարծում ենքՙ մեկնաբանություններն ավելորդ են:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment