Saturday, September 25, 2010

Գյուլը բողոքում է ամերիկյան մամուլից, որը պաշտպանում է հայերին

HayNews.am. 25-9-2010- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին, Արտաքին հարաբերությունների խորհրդում (Council on Foreign Relations) հանդես է եկել ելույթով, որտեղ հիմնականում խոսել է թուրք-ամերիկյան հարաբերություններից, ինչպես նաև անդրադարձ է կատարել Միացյալ Նահանգների օրենսդիր մարմիններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքիայի նախագահն իր ելույթի մեջ նշել է, որ «թուրք-ամերիկյան հարաբերություններն անչափ ամուր են»: «Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև հաստատված հզոր համագործակցությունից շահում են ոչ միայն երկու կողմերը, այլև այն շատ կարևոր է տարածաշրջանային, և ինչու չէ՝ աշխարհում խաղաղության ամրապնդման համար»:
Թուրք-ամերիկյան հարաբերություններին իր գնահատականը տալուց հետո Գյուլը խոսել է նաև ամերիկյան մամուլից, որը, ըստ թուրքերի, վերջին շրջանում հակաթուրքական դիրքորոշում է որդեգրել:
«Վերջին շրջանում ամերիկյան լրատավամիջոցները Թուրքիայի վերաբերյալ սխալ տեղեկություններ են տալիս: Իրանի միջուկային ծրագրի , Գազայի հատված ուղարկված «ազատության նավատորմի» հետ կապված դեպքերը լուսաբանելիս ամերիկյան լրատվամիջոցները կողմնապահ և սխալ գնահատականներ են տվել»,-ներկաներին փորձել է համոզել Աբդուլլահ Գյուլը:
Վերջինս նույն ենթատեքստում անդրադարձել է նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկմանը և թուրքական քաղաքականությանը բնորոշ ձևով նշել է. «Օրինակ, 1915 թվականի դեպքերի հետ կապված հայկական պնդումները պաշտպանող բանաձևերը ոչ միայն աջակցություն են գտել Կոնգրեսում, այլ նաև այդ ամենը կողմնապահ կերպով է մեկնաբանել ամերիկյան մամուլը»: «Այս ամենը բացասական է ազդում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

No comments: