Sunday, September 5, 2010

Զաֆեր Յորուք. Թուրքիայում սկսվել է հայերի նկատմամբ լուսավորչական շարժում

Panorama.am. 4-9-2010- Հայաստան ժամանած թուրք փորձագետ Զաֆեր Յորուքն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ մասնակցել է Թուրքիայիում այս տարի կազմակերպված ներողության արշավին, ստորագրել այդ հայտարարության ներքո, մասնակցել է նաև Հրանտ Դինքի թաղմանը: Դինքի սպանության փաստի առթիվ կազմակերպված բողոքի ցույցերը, ակցիաները, ինչպես նաև ներողության արշավը թուրք բանախոսը շրջադարձային է համարում Թուրքիայի կյանքում:
«Չկա չարիք առանց բարիքի: Դինքի սպանությունը բերեց մի բարիքի: Հասարակության մի ստվար զանգված` «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառներով սկսեցին բողոքի ակցիաներ: Ես էլ եմ մասնակցել թաղման արարողությանը: Մոտ 100 հազար մարդ Դինքի պատկերով դիմակներ էին հագել, ձեռքներին պաստառներ վերցրել: Սպանության դեմ բողոքելը կրկին կարևոր շրջադարձային կետ էր»,-ասաց Զաֆեր Յորուքը, ապա հիշեցրեց, որ չնայած թուրքական իշխանությունների ճնշումներին, սպառնալիքներին, այնուամենայնիվ Ստամբուլում այս տարվա ապրիլի 24-ին մարդիկ հարգեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այս ամենը թուրք հասարակական գործչին թույլ է տալիս եզրակացնելու, որ Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը սկսում է զարթնել: «Սկսվում է զարթոնքի ու հարցերի փուլ»,-ասաց նա:
Յորուքն ասաց, որ Թուրքիայի հայ համայնքից ընկերներ ունի, երկու ազգերի ներկայացուցիչները շփվում են, թշնամական վերաբերմունք չկա: «Թուրքիայում սկսվել է հայերի նկատմամբ լուսավորչական շարժում: Մենք մեծ ցուցակ ունենք, թե ինչ պետք է իմանալ հայերի մասին, ու այնտեղ առաջին կետը հայկական հարցն է»,-ասաց բանախոսը, ավելացնելով, որ հիշյալ ակցիաները խոսում են այն մասին, որ այդ լուսավորչական աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Ինչ վերաբերում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու վերաբերյալ թուրքական իշխանությունների կայացրած որոշման մասին թուրք գործչի ունեցած դիրքորոշմանը, ապա նա ասաց, որ այնքան էլ կրոնապաշտ չէ: Չնայած մահմեդականներն այս օրերին Ռամազան են նշում, թուրք հյուրը նախօրեին Հայաստանում խոզի միս է կերել:
«Ազգային փոքրամասնությունների իրավունքների առումով ինչ քայլ էլ արվի, արժե աջակցել այդ ամենին»,-ասաց Զաֆեր Յորուքը, կարծիք հայտնելով, որ պատարագի կազմակերպումը արդեն իսկ մեկ քայլ առաջ է, հակառակ դեպքում եկեղեցին կմնար լքված:

No comments: