Thursday, September 16, 2010

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ ԷՎՐԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն դրա էությունը մնում է անփոփոխ

«Ազգ» 16-9-2010- Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: «Ազգի» սեպտեմբերի 14-ի համարում մեր աշխատակցուհի Աղավնի Հարությունյանը «Թուրքիայի պատմության «նոր էջը» քրդական ակտիվությամբ» վերնագրով անդրադարձել էր դրա արդյունքներին, նշելով, որ փոփոխությունները բարելավում են Թուրքիայում դատաիրավական համակարգի, Սահմանադրական դատարանի գործունեությունը, մասնակի սահմանափակում են թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու հնարավորությունը, ինչպես նաեւ ռազմական ատյանների լիազորություններն ու Վերաքննիչ դատարանից խորհրդարանի իրավասությանն են հանձնում քաղաքական կուսակցություններին ցրելու իրավունքը:
Կատարված փոփոխությունները, որոնք ներառված են 25 հոդվածներում, ընդամենը բարելավում են 1980 թ. սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջման առաջնորդ, գեներալ Քենան Էվրենի զինվորական վարչակարգի 1982-ին ընդունած սահմանադրությունը, բայց էությունը չեն փոխում: Թերեւս այդ առումով հատկանշական է Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեի խոսնակի հայտարարությունը, որտեղ նա, ըստ թուրքական մամուլի, հույս է հայտնել, որ այս փոփոխությունները քաղաքացիական նոր սահմանադրության մշակման համար ամուր հիմքեր կստեղծեն:
Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ այնքան թուրք ժողովրդի կամ թուրքական այսպես կոչված ժողովրդավարության, որքան վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակն է, որովհետեւ նպաստել է վերջինի ժողովրդականության աճինՙ ստեղծելով նրա համար բարենպաստ պայմաններ խորհրդարանական առաջիկա ընտրություններում:
Ի տարբերություն վարչապետ Էրդողանի կուսակցության, իթթիհադականների իրավաժառանգորդ, քեմալական ազգայնության ջատագով, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ինչպես նաեւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպություն «Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու կոչ էին արել ընտրողներին: Իսկ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը պահանջել էր ընտրազանգվածից, որ բոյկոտի հանրաքվեն:
Թրակիայում, Էգեյանի եւ Միջերկրականի առափնյա շրջաններում, որտեղ որոշակի ժողովրդականություն է վայելում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հանրաքվեի մասնակիցները մեծապես «ոչ» են ասել սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Այսինքն, փոփոխություններին ի սկզբանե հակադրվող այս կուսակցությանը որոշ չափով հաջողվել է ազդել քվեարկողների վրա: Հակառակ դրան, այդ առումով կատարյալ հիասթափություն է ապրել Ազգայնական շարժում կուսակցությունը, որովհետեւ Էրզրումի, Յոզղաթի, Չանքըրըի, Չորումի պես նահանգներում, որոնք ունեն ազգայնամոլության միջնաբերդի համարում, հանրաքվեի մասնակիցների 65 տոկոսը քվեարկել է փոփոխությունների օգտին: Նույնիսկ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի ծննդավայր Օսմանիեում սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկողները հանրաքվեի մասնակիցների 54 տոկոսն են կազմել:
Ինչ վերաբերում է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, ապա երկրի քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում քվեարկողների 55-58 տոկոսը հետեւել է հանրաքվեն բոյկոտելու կուսակցության կոչին: Ավելին, Իրանին եւ Իրաքին սահմանակից Հաքքյարիում 128 հազար 457 ընտրողներից միայն 10 հազար 512-ն են մասնակցել հանրաքվեին, որը տոկոսային հարաբերությամբ հավասար է 9,6-ի:
Շըրնաքում 197 հազար 17 ընտրողներից հանրաքվեին մասնակցել է 32 հազար 756 մարդ, Բաթմանում հանրաքվեն բոյկոտել են քվեարկողների 60, իսկ Վանումՙ 43,3 տոկոսը: Առհասարակ այն քաղաքներում, որտեղ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում են «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչները, հանրաքվեն բոյկոտողների ընդհանուր թիվը շուրջ 40 տոկոսի է հասել: Ահա թե ինչու կուսակցության համանախագահ Սելահաթդին Դեմիրթաշը հանրաքվեի արդյունքները գնահատելիս հայտարարել է. «Բոյկոտի մեր կոչը նպատակին ծառայեց: Ցուցանիշն ավելի բարձր է, քան ենթադրում էինք: Դրա հիմքում քաղաքացիական նոր սահմանադրություն ընդունելու պահանջարկն է»:
Այլ կերպ, 25 նոր հոդվածներ ներառող սահմանադրական փոփոխությունների փաթեթը երկրում ոչ միայն չի բարելավում Թուրքիայի բնակչության 1/4-ը կազմող քուրդ եւ պաշտոնական տվյալներով ավելի քան 15 միլիոնի հասնող ալավի էթնիկ ու կրոնական խմբավորումների վիճակը, այլեւ նրանց մասին նույնիսկ չի հիշատակում: Ոչ էլ փոփոխությունները վերականգնում են հայ, հույն, հրեա փոքրամասնությունների Լոզանի պայմանագրով ամրագրված իրավունքները:
Սակայն սահմանադրական փոփոխությունների առումով թուրքական ժողովրդավարության գլխավոր խնդիրը ոչ էթնիկ եւ կրոնական խմբավորումներն են, ոչ էլ ազգային փոքրամասնությունը, այլ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարների դիպուկ արտահայտությամբ, «թուրք ազգի միասնականությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը» ապահովող անձեռնմխելի հոդվածների առկայությունը, որոնք ամրագրված լինելով դեռեւս 1924-ի սահմանադրության մեջ, որեւէ կերպ չեն առնչվում գեներալ Էվրենի զինվորական վարչակարգի հետ:
Այդ առումով թերեւս պետք է առանձնացնել 1982-ի գործող սահմանադրության նախաբանն ու 41 եւ 66-րդ հոդվածները, որոնք մնում են ուժի մեջ: Նախաբանում ասված է. «Թուրքի հայրենիքը, Ազգի հավերժ գոյությունն ու թուրքական վեհաշուք պետության անքակտելի միասնությունն ապահովող այս սահմանադրությունը մշակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, անմահ առաջնորդ եւ անզուգական հերոս Աթաթուրքի մատնանշած ազգայնականության ըմբռնմամբ, նրա հեղափոխությունների եւ սկզբունքների հիման վրա»:
Որո՞նք են այդ սկզբունքները: Այս հարցին էլ պատասխանում են սահմանադրության 41 եւ 66-րդ հոդվածները, որոնցից առաջինը մատնանշում է. «Բացի թուրքերենից, երկրի ուսումնական հաստատություններում եւ կրթօջախներում Թուրքիայի քաղաքացիներին որեւէ այլ լեզուն չի կարելի որպես մայրենի լեզու դասավանդել ու սովորեցնել», իսկ 2-րդն ընդգծում. «Թուրք է յուրաքանչյուր ոք, ով թուրքական պետության հետ ունի քաղաքացիական առնչություն: Թուրք հորից կամ թուրք մորից ծնված ամեն երեխա թուրք է»:
Թեեւ սահմանադրության նախաբանում չի նշվում, սակայն այս հոդվածների հիմքում Քեմալ Աթաթուրքի հանրահայտ ասույթն է. «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում»: Ո՞ր դեպքում է առաջանում թուրք համարվելու համար երանի տալու անհրաժեշտությունը: Այն դեպքում, երբ թուրքական այսպես կոչված ազգային պետությունը կազմավորված է լինում այլ ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում, երբ նրա բնակչությունը ավելի քան բազմազգ է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: