Saturday, September 25, 2010

Արմեն Սմբատյանին Բաքու հրավիրելու համար՝ Ադրբեջանում պահանջում են Փ. Բյուլբյուլօղլուին հեռացնել աշխատանքից

Panorama.am. 24-9-2010- Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Ուզեհիր Հաջիբեկովի 125-ամյակին նվիրված օրերի շրջանակում համերգ է տվել Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայում: Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հրավերով համերգին մասնակցել են ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով անձնական ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, ԱՊՀ երկրների Միջպետական մարդասիրական համագործակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ Ա.Սմբատյանի այցը Բաքու ոչ միանշանակ է ընդունվել Ադրբեջանում: Այսպես կոչված` Ղարաբաղի ազատագրության կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին «անթույլատրելի» է համարել որևէ հայի Ադրբեջան հրավիրելը: Ավելին, նա Փոլադ Բյուլբյուլօղլուին համարել է հայկական հատուկ ծառայությունների «գործակալ»:
«Ես գտնում եմ, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն ծառայում է հայկական հատուկ մարմիններին և Ադրբեջանի հատուկ ծառայությունները պետք է հետաքննեն նրա գործունեությունը: Փոլադ Բյուլբյուլօղլուն պետք է հեռացվի պաշտոնից: Նրա դեսպան լինելը սպառնալիք է Ադրբեջանի համար»,- հայտարարել է նա:

No comments: