Thursday, September 30, 2010

Ռուսաստանը հայ խոպանչիներին գործուղել է հայրենիք՝ համագյուղացիներին գայթակղելու և Ռուսաստան տանելու համար

Tert.am. 30-9-2010- «Սարդարապատ» նախաձեռնող շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր շարժման կայացած ասուլիսի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՌԴ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարժումն այսօր հայտարարել է, որ ՌԴ–ն ներգաղթյալների վերաբնակեցման գրավիչ օրենք է ընդունել, ինչը, ըստ նրանց, խիստ մտահոգիչ է։
«Վերջերս ամբողջ աշխարհը զմայլվում էր, թե ինչպես է Ռուսաստանի վարչապետը դեղին մեքենայով շրջում կամ միայնակ անցնում Չիտա–Խաբարովսկ նորակառույց ավտոմայրուղիով։
Այդ նոր ավտոմայրուղին դատարկ էր, մենք բոլորս դա նկատել էինք, և դա մեծագույն խնդիր է Ռուսաստանի համար։ Այդ շրջանում, փաստորեն, մի քանի տարուց պետք է կառուցվի տիեզերակայան, ուստի յուրաքանչյուր հարյուր կմ. ճանապարհի վրա հողահատկացում է արվում, և մեր տվյալներով՝ Հայաստանից հրավիրվող ազգաբնակչությունը պետք է տեղակայվի հենց այնտեղ։
Այդ պատճառով չինական սահմանի վրա ստեղծելով այսպիսի յուրահատոկ հայկական պատնեշ՝ ՌԴ–ն լուծում է իր խնդիրները, որովհետև հայտնի է, որ հայերը կարող են գործ անել, կարող են չխմել, չվատնել, չմսխել փողերը, ուստի նրանց տրամադրվում է միանվագ 10–15 հազար դոլարի օգնություն, քաղաքացիություն։ Արդեն համայնքների ներկայացուցիչները՝ այսպես կոչված խոպանչիները, ուղարկվել են այստեղ՝ առաջարկելու իրենց համագյուղացիների մնացած մասին տեղափոխվել այնտեղ, որովհետև նրանց այնտեղ սպասում են», – հայտարարեց Տիգրան Խզմալյանը։
Նշենք, որ «Սարդարապատի» անդամների տվյալով՝ Հայաստանի իշխանությունը ՌԴ ղեկավարությանը խնդրել է անաղմուկ իրականացնել այդ «դավադիր ծրագիրը»։

No comments: