Thursday, September 30, 2010

Լեռնային Ղարաբաղը հետևողականորեն ընթանում է ժողովրդավարության ուղիով. Ֆրենկ Փալոն

Tert.am. 30-9-2010- Արցախի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված միջոցառմանը ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Ազդարարելով ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր շենքում տեղի ունեցած միջոցառման բացումը՝ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նշել է, որ արցախյան իր այցելությունների ընթացքում համոզվել է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և իշխանությունները հետևողականորեն ընթանում են ժողովրդավարության ուղիով:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարն իր ելույթում նշել է, որ ԱՄՆ կողմից նման ընդունելությունը Արցախի ժողովրդի համար անակնկալ չէ։ «Միացյալ Նահանգներն այն երկիրն է, որը դեռ Խորհրդային Միության տարիներին ղարաբաղյան հարցը կապում էր նրա ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա լուծման հետ և խորհրդային կառավարությանը հորդորում զերծ մնալ բռնություններից: Այսօր էլ Միացյալ Նահանգները տարեկան կտրվածքով ուղղակի մարդասիրական աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, «ինչը բխում է ազատության և արժանապատվության հանդեպ ԱՄՆ-ի ունեցած վերաբերմունքից», - ասել է Ղուլյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով իր հերթին քննադատել է Ադրբեջանի կողմից պատերազմ հրահրելու փորձերը` հայտարարելով, որ տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ծնկի բերելու քաղաքականությունը չի հաջողվի, քանի որ, ինչպես նշել է Մարգարյանը, «ազատությունը չի վաճառվում»:
Մինչ Կոնգրեսում տեղի էր ունենում միջոցառումը, շենքի դիմաց հավաքված շուրջ մեկ տասնյակ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին անցկացնում: «Դադարեցրեք աջակցությունը չճանաչված Ղարաբաղին», «ԱՄՆ-ի ադրբեջանցիները լսելի լինելու կարիք ունեն» և այլ ցուցապաստառներով ադրբեջանցի երիտասարդների ակցիան, Կոնգրեսի անվտանգության աշխատակիցների պահանջով տեղափոխվել է շենքի մուտքից հեռու:
Ի դեպ, Արցախի անկախության օրը արդեն մի քանի տարի է, ինչ նշվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսում:Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

No comments: