Thursday, September 30, 2010

Արտագաղթի պատճառն օլիգարխիկ համակարգն է. Սարդարապատ

Tert.am. 30-9-2010- 2005թ Հայաստանից Ռուսաստան է ներգաղթել 8000 հայ, 2006թ.՝ 13 000, 2007թ.՝ մոտ 31 000, 2008թ.՝ մոտ 36 հազար։ Այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը՝ նշելով, որ ինքն այդ տվյալները վերցրել է ռուսական վիճակագրական կայքերից։
Մասնագետը հայտարարեց, որ Հայաստանից արտագաղթի այդպիսի ահագնացող իրավիճակի պատճառներից մեկը երկրում տիրող անարդարության մթնոլորտն է։ «Այդ անարդարության մթնոլորտը արտագաղթի պատճառներից մեկն է։ Ինչքան էլ քարոզենք, հերիք է՝ մարդ մեկ–երկու ամիս ապրի Հայաստանում, սկսում է խեղդվել՝ բարոյահոգեբանական խեղդոցի մեջ է ընկնում»,– հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչը»։ Արտագաղթի երկրորդ պատճառը, ըստ նրա, երկրում ձևավորված օլիգարխիկ համակարգն է։
«Դրա համար ուղղակի պետք է այդ օլիգարխիան վերացնել։ Խոսքը չի գնում ֆիզիկական ոչնչացման մասին։ Օիգարխիկ համակարգը պետք է իսպառ վերանա Հայաստանից»,– հայտարարեց Մեսրոբյանը։
«Խոսքը վերաբերում է այն օլիգարխներին կամ այն հարստացած մարդկանց, որոնք այդ միջոցները դիզել են ժողովրդին կեղեքելու միջոցով։ Այս իմաստով մեր ծրագրում այնպես է, որ ապագա պետությունը պետք է ունենա հատուկ օրենք՝ այդ մարդկանց ունեցվածքն ազգայնացնելու համար»,– Մեսրոբյանին շարունակեց «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։
Միաժամանակ, Սեֆիլյանը հայտարարեց, որ դա չի նշանակում, թե մեր երկրում չպետք է լինեն մեծահարուստներ. «Պիտի լինեն հարուստներ, բայց ոչ ժողովրդին կեղեքելու միջոցով»։

No comments: