Monday, September 27, 2010

Ա. Զաքարյան. Առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացմամբ հնարավոր չի խոսել հակամարտության կարգավորման մասին

Panorama.am. 27-9-2010- «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հերթական անգամ վերահաստատվել է համանախագահ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարությունը և ընդհանրապես համանախագահների կողմից ընդունված միջնորդությունը՝ հակամարտության կարգավորման առնչությամբ»,- անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահի՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Բարաք Օբամայի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ սպիտակ տան ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին` ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար` առանձնահատուկ կերպով ընդգծելով շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման և հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով, Հելսինկիի սկզբունքների հիման վրա, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծելու անհրաժեշտությունը:
Խորհրդարանականի խոսքերով, այս պարագայում, ԱՄՆ նախագահն անդրադարձել է երեք հիմնարար սկզբունքներին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ուժի չկիրառման անհրաժեշտությանը և տարածքային ամբողջականությանը, որը հետևանքային խնդիր է, այլ ոչ թե նպատակային, այսինքն՝ բուն առանցքը չի կազմում:
«Հիմնախնդրի կարգավորման բուն առանցքը դրա կարգավորումն է, իսկ հակամարտությունն ունի սկզբնաղբյուր, պատճառ, որը չի կարող չազդել կարգավորման վրա: Իսկ որպեսզի հակամարտության սկզբնաղբյուրը և հակամարտության կարգավորումը լինեն մեկ տրամաբանական շղթայի մեջ, բնականաբար, ԵԱՀԿ անդամ-պետությունները, համանախագահող երկրները հստակ գիտակցում են, որ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և իրացմամբ հնարավոր չի լինելու խոսել հակամարտության կարգավորման մասին:
Ոստի, ԱՄՆ նախագահը մեկ անգամ ևս կարևորելով հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, հիշեցրել և վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը:

No comments: