Thursday, September 9, 2010

ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԻՐԱՆՑԻՆԵՐԸ

«ԱԶԳ», 09-09-2010- Համաշխարհային քաղաքական լրատվամթնոլորտը հագեցած է կանխատեսումներովՙ կհարվածե՞ն ԱՄՆ-ը եւ Իսրայելը (կամ վերջինսՙ ինքնուրույն) Իրանին, ի՞նչ հետեւանքների կհանգեցնի նման քայլը, ինչպե՞ս կարձագանքեն դրան մյուս գերտերությունները, ի՞նչ կտան զանազան պատժամիջոցները եւ այլն: Առաջադրվում են իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ, որոնցում Իրանի հետ բախման հորձանուտ է ներքաշվում մուսուլմանական աշխարհը, ու առաջին հերթինՙ Լիբանանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան...
Սակայն համաշխարհային թե ռուսաստանյան լրատվամիջոցներում քիչ են այն նյութերը, որոնք ներկայացնեին բուն Իրանում տիրող տրամադրությունները, իրանցիների պատկերացումները ներկա ու սպասվելիք «սցենարների» մասին, նրանց պատասխանները սպառնալիքներին: Եվ հենց այս իմաստով ուշագրավ են մոսկովյան հրատարակություններից մեկում հրապարակվածՙ Քվեբեկի համալսարանի (Մոնրեալ) քաղաքագիտության պրոֆեսոր Ժակ Լեւեկի տպավորությունները, որ նա ստացել է Իրան կատարած հատուկ այցելությունից:
Քաղաքականագետը Իրանում հանդիպումներ ու հանգամանալի զրույցներ է ունեցել տարբեր մակարդակների փորձագետների, դիվանագետների, պաշտոնյաների հետ: Առաջինը, որ նրան ապշեցրել է, եղել է զրուցակիցների միասնական լավատեսական ոգին իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ դատողություններում: Իրանցիները վստահ են, որ ԱՄՆ-ը լայնածավալ պատերազմ չի ծավալի իրենց դեմ: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա իրենք ի վիճակի են արժանի հակահարված տալուՙ Օրմուզի նեղուցի միջոցով շրջափակելով Պարսից ծոցը, որտեղով անցնում է համաշխարհային նավթարտահանման փոխադրաերակների մոտ 40 տոկոսը: Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է «մարտնչող» Ամերիկայի համար առավելագույնս ապակայունացնել իրավիճակը Աֆղանստանում, Իրաքում, ուժեղացնել դիմադրության (ահաբեկչության) ալիքը: Եվ ամենագլխավորըՙ կործանիչ հարված հասցնել ԱՄՆ-ի մերձավոր դաշնակցինՙ Իսրայելին: Իրանցիների կարծիքով, ամերիկացիներն ունեն բոլոր միջոցները կանխելու Իսրայելի միակողմանի գործողությունները, եւ նրանք դա կանեն, որպեսզի իրենք չմխրճվեն հակաիրանական (հակամուսուլմանական) հերթական արկածախնդրության մեջ:
Բոլոր զրուցակից փորձագետները, դրսեւորելով «աքեմենյան» նացիոնալիզմ, աներկբա համոզվածություն են հայտնել, որ երկրի իշխանությունները իրոք չեն ձգտում ձեռք բերելու միջուկային զենք: Նրանք պարզապես ուզում են դառնալ այսպես կոչված «վիրտուալ միջուկային պետություն», ինչպիսիք են, ասենք, Կանադան կամ Գերմանիան: Այսինքնՙ մի պետություն, որը յուրացրել է ուրանի հարստացման բոլոր փուլերը եւ լինելով միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակից, դրա արդյունքներն օգտագործում է բացառապես խաղաղ նպատակներով: Իրանցիներին խիստ վրդովեցնում ու վիրավորում է այն, թե ինչու ԱՄՆ-ը Իսրայելին թույլատրում է ամեն ինչ, այդ թվում նաեւ տնօրինելու ատոմային զենք, իսկ իրենցից միայն զիջումներ է պահանջում: Ընդ որում, ասել են նրանք, երբ մենք զիջումների ենք գնում, մեզ նորանոր պահանջներ են ներկայացվում: Սակայն այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ զիջումների կգնա Ահմադինեժադը ԱՄՆ-ի հետ համաձայնություններում, Ժակ Լեւեկը որոշակի պատասխան չի ստացել, ինչը նա պատճառաբանում է նրանով, որ Իրանի բարձրագույն իշխանական կառույցներում որոշումների ընդունումը միանգամայն անթափանց է, եւ ներկա նախագահը դրանում բնավ էլ առաջին դերը չի խաղում:
Շոշափելով Իրանին առնչված ամենատարբեր խնդիրներ, Լեւեկը, այդուհանդերձ, բավական հաճախ է զրուցակիցների առջեւ դրել Իսրայելի հավանական միակողմանի գործողությունների հարցը: Իրանցի բավականին բարձրաստիճան մի պաշտոնյա, գրում է Լեւեկը, ի պատասխան, դեմքին տալով լրջություն, չոր տոնով հայտարարեց. «Մեր մեջ ասած, ես կուզեի, որ լիներ նման հարձակում, որովհետեւ դրա անտարակուսելի հետեւանքը կլիներ Իսրայելի վերջը»:
Այլ կարծիք են հայտնել Լեւեկի զրուցակիցները Մոսկվայում, ուր նա այցելել է անմիջապես Իրանից հետո: Այստեղ համոզմունք են հայտնել, որ աշնանը Իսրայելը հարված կհասցնի Իրանինՙ անկախ Օբամայի դիրքորոշումից, քանզի եթե Իրանն իրոք դառնա միջուկային տերություն, ապա իրական սպառնալիք կդառնա առհասարակ Իսրայելի գոյության համար: Ռազմական առումով Իսրայելը ի վիճակի է իրականացնելու միջուկային օբյեկտները ռմբակոծելու գործողություն: Ի դեպ, վարչապետ Նաթանյահուն, որը նորերս ճանաչվել է որպես աշխարհի ամենաազդեցիկ հրեան, լի է վճռականությամբ եւ իր աջական կառավարությամբ ընդունակ է նման քայլի:
Առհասարակ ռուս-իրանական հարաբերությունների կապակցությամբ Թեհրանում եւ Մոսկվայում արտահայտված մոտեցումները ի չիք են դարձնում երկու պետությունների փոխառնչությունների «բարեկամական» բնույթի վերաբերյալ պատրանքները: Իրանցիների կարծիքովՙ Ռուսաստանն այլեւս չլինելով գերտերություն, իրենց երկիրը օգտագործում է որպես խաղաքարտ ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, ինչն էլ անվստահության անթաքույց տրամադրություններ է ստեղծում Մոսկվայի հանդեպ: Բանը հասել է նույնիսկ ծայրահեղությունների: «Ի՜նչ կարող ենք մենք սովորել Ռուսաստանից ինչպես էկոնոմիկայի եւ տեխնիկայի, այնպես էլ մշակույթի առումով, կանադացուն ասել է ռուսաստանագետ մի իրանցի, բավական է մի քանի տասնյակ կիլոմետր դուրս գաս Մոսկվայից եւ կհամոզվես, որ «երրորդ աշխարհը» Ռուսաստանն է եւ ոչ թե Իրանը: Մենք եվրոպական երկրների հետ շատ ավելի ընդհանուր բան ունենք»: (Իհարկե, դժվար է պատկերացնել մոլեռանդ մուսուլմանական երկրի «ընդհանրությունները» Եվրոպայի հետ): Իրանցիները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը, պաշտպանելով հակաիրանական նորանոր պատժամիջոցները, որոնք արդյունք չեն տալիս, կարող է ի վերջո ներքաշվել ռազմական ուժի կիրառման թույլատրելիության գործընթացի մեջ:
Մյուս կողմից, Մոսկվայի քաղաքական շրջանակներում, Լեւեկի դիտարկումով, միջուկային հարցերում Իրանի համառությունը անբավականություն է առաջացնում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման ֆոնի վրա: Մի հարցում, սակայն, Լեւեկը միասնական տեսակետ է արձանագրել. ռազմական գործողությունը Իրանի դեմ ապակայունացնող աղետալի հետեւանքներ կունենա Ռուսաստանին հարող մուսուլմանական երկրներում, եւ դրա ալիքները կթափանցեն սեփական տարածք: Գուցե խնդրի գերկարեւորությունից է թելադրված, ասել է մոսկվացի փորձագետներից մեկը, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրանական ուղղությունը անձամբ տնօրինում է Վլադիմիր Պուտինը:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

No comments: