Saturday, September 25, 2010

Ահազանգ Ստամբուլից. Չկան հայերենի ուսուցիչներ, ստամբուլահայերը մոռանում են հայերենը...

News.am. 24-9-2010- Ստամբուլի հայ համայնքի կրթական խնդիրների շուրջ, թուրքական Bianet կայքէջին տված հարցազրույցում, Ստամբուլի Յեշիլքոյի դպրոցի ղեկավար եւ հայկական դպրոցներին կից հիմնադրամների կողմից ստեղծված Կրթական հանձնաժողովի համակարգող Գարո Պալյանը ահազանգել է Ստամբուլում հայկական դպրոցներում տիրող անմխիթար իրավիճակի մասին։
Ըստ Պալյանի՝ նոր ուսումնական տարին իր հետ կրկին բերեց չլուծվող խնդիրների շարք, որտեղ ամենակարեւորը՝ հայերեն լեզվի խնդիրն է։ «Համալսարաններում հայկական բաժինների բացակայության պայմաններում, աշակերտներին հայերենով դասավանդողներ չկան։ Երեխաները լեզուն մոռանում են։ Մեկ այլ խնդիր էլ առաջացել էր Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ հայկական դպրոցները սպառնալիքներ էին ստանում, որը նույնպես կարեւոր խնդիր էր։ Շատերը նույնիսկ սկսեցին տատանվել՝ իրենց երեխաներին հայկական դպրոցներ ուղարկե՞լ, թե` չուղարկել»,-նշել է Պալյանը՝ ավելացնելով, որ այս տարի Արճեշի համալսարանում բացվել է հայկական ամբիոն, սակայն դեռ հայերենի դասախոս չկա եւ հայտնի էլ չէ, թե այնտեղ կրթությունը կլինի արեւմտահայերենո՞վ, թե՞ արեւլահայերենով։
Պոլսահայ մանկավարժը նշել է, թե Թուրքիայում արեւմտահայերենին լավ տիրապետող 5-ից 10 հոգի կա եւ մտահոգություն է հայտնել, որ արդեն պոլսահայերը ընտանիքներում սկսել են հայերեն քիչ խոսել։
Պալյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ հայկական դպրոցների թուրք փոխտնօրենների վերացման խնդրին՝ նշելով, որ իրենք պահանջել են դա։ «Պետությունը նախքան երեխաներին հայկական դպրոց ընդունելը, պահանջում է, որ ապացուցվի վերջիններիս հայ լինելը։ Մենք այդ խնդիրն էլ ենք բարձրացրել՝ պահանջելով, որ դա թողնվի դպրոցի տնօրենի իրավասությանը։ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունն այդ պատասխանատվությունը տվել է ոչ թե հայկական դպրոցի տնօրենին, այլ՝ թուրք փոխտնօրենին։ Սա գալիս է նրանից, որ պետությունը մեզ չի վստահում»,-նշել է Պալյանը, ով նաեւ դրական քայլ է գնահատել կառավարության կողմից հայկական դպրոցների համար դասագրքերի տպագրումը եւ անվճար բաժանումը։
Գարո Պալյանը պատասխանել է նաեւ հայկական դպրոցներին պետության կողմից ֆինանսավորման խնդրին՝ նշելով, թե մինչ 1974 թվականը թուրքական կառավարությունը ամեն աշակերտի հաշվով փոքր չափի գումար էր հատկացնում, սակայն ներկայումս ոչ մի աջակցություն չկա։ «Մենք այս խնդիրը եւս ներկայացրել ենք ազգային կրթության նախարարին։ Այն ներկայումս քննարկման փուլում է։ Հուսով ենք դրական պատասխան կստանանք։ Ստամբուլում 16 հայկական դպրոց կա, որտեղ 3 հազար հայ աշակերտ է ուսանում։ Հայկական դպրոցները գոյատեւում եմ միայն բարեգործությունների հաշվին։ Հայկական սփյուռքից մենք որեւէ աջակցություն չունենք։ Միայն ներքին աղբյուրների միջոցով են իրականացվում բարեգործությունները»-նշել է Գարո Պալյանը։

No comments: