Saturday, September 25, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՆ

«Լրագիր» 24-9-2010- Թուրքիայում ծպտյալ հայերի (կամ քրիպտոհայերի) թեման Սուրբ Խաչի պատարագից հետո նոր շրջադարձ ունեցավ: Այն մասին, որ Թուրքիայում հազարավոր հայեր են ապրում, որոնք չեն ցանկանում բացահայտել իրենց ծագումը, խոսվում էր ավելի վաղ էլ: Հայտնի է, որ թեեւ նրանք հաճախ ներկայանում են որպես քուրդ, այդուհանդերձ նրանք գրեթե չեն մտնում խառը ամուսնությունների մեջ եւ սրբորեն պահում են էթնիկ կոդը:
Ասվում էր նաեւ, որ հայերը վախենում են իրենց ծագումը բացահայտել իրենց հանդեպ թշնամանքի պատճառով: Եվ ահա վերջերս ի հայտ եկավ տեղեկություն, որ որոշ կրիպտոհայեր նորից անցել են քրիստոնեության, որ նրանք չեն վախեցել գալ Աղթամար կղզու պատարագին եւ մտադիր են բացահայտ հայտարարել իրենց ծագման մասին:
Ի՞նչ է փոխվել Թուրքիայում եւ ի՞նչն է ստիպել հայերին “բացել դեմքը”: Արդյոք փոփոխություններն անշրջելի են եւ չեն կարող նոր աղետի բերել: Առանց այդ հարցի պատասխանի դժվար է որոշել, արժե արդյոք Թուրքիայի հայերին խոստովանել իրենց ծագումը: Վերացե՞լ են արդյոք սպառնալիքները, պատճառները, ինչի համար հայերը ստիպված էին թաքնվել: Դատելով Թուրքիայի իրավիճակից, հազիվ թե: Այո, ակնհայտ է, որ թուրքական հասարակությունում տեի են ունենում որոշակի պրոցեսներ, որ թուրքերը փորձում են ազատվել այդ հողի հանդեպ իրավունք չունենալու մասին մեղադրանքի դարավոր վախից: Նման վախ, որպես կանոն, ապրում են ավազակները, թալանչիները: Որոնք ծփում են հարստության մեջ, բայց ամբողջ կյանքում վախենում են դատարանից: Այդ վախն այնքան մեծ է, որ ահա արդեն մեկ դարից ավելի է թուրքերը վախենում են քրիստոնեական եկեղեցիներից, ըստ էության, քարերից, վախենում են հայկական խոսքից, վախենում են նույնիսկ խոստովանել, որ իրենցից շատերի երակներում հոսում է հայկական արյուն:

Այժմ, ըստ ամենայնի, թուրքերը փորձում են իրենց վրայից նետել այդ վախերը: Դա շատ խորը հոգեբանական պահ է: Աղթամարի պատարագը ոչ այնքան կարեւոր է հայերի համար, որքան` հենց թուրքերի: Դա փորձ էր. թուրքերը փորձում էին պարզել, ինչ կլինի, եթե Աղթամարի եկեղեցում հնչի հայոց պատարագը: Եվ այն բանից, թե ինչ կլինի հետո, կախված է թուրքերի հետագա պահվածքը: Եթե հայերը հանգիստ վերաբերվեն վախերից թուրքերի “ազատագրմանը”, Թուրքիան կարող է անել հաջորդ քայլը: Եթե արձագանքը լինի ագրեսիվ, թուրքերը կեզրակացնեն, որ իրենց վախերը արդարացված են:

Եվ այդժամ սպառնալիքի տակ կհայտնվեն հենց նույն կրիպտոհայերը, որոնք ամբողջ դար պահպանում էին իրենք ինքնությունը, բայց հանկարծ հայտնվեցին առանց վահանի եւ սաղավարտի: Հայաստանի ցանկացած քայլ պետք է հաշվի առնի Թուրքիայում ապրող հայերի շահը: Ոչ ոք չունի նրանց սպառնալիքի տակ դնելու իրավունք: Հենց այնպես, ինչպես Ղարաբաղի շարժման ժամանակ սպառնալիքի տակ հայտնվեցին Բաքվում ապրող 100 հազարավոր հայեր:

Հայաստանին անհրաժեշտ է Թուրքիայի վախերը հոգեբանական հունից տեղափոխել իրավական հուն: Անհրաժեշտ է Թուրքիայի իրավունքը վիճարկել միջազգային իրավունքի շրջանակում, այլ ոչ թե քաղաքական հոգեբանության, կիրառելով էմոցիոնալ զենքը: Եկեք չմոռանանք, որ գործ ունենք ազգի հետ, որն աչքի է ընկնում անկանխատեսելի “բռնկվողությամբ”:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: