Saturday, September 25, 2010

Բրայզան հայ լոբբիստների բոնո՞ւսն է

Tert.am. 25-9-2010- Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու գործընթացն արգելափակվել է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների պատճառով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկու ամիս անց կշարունակի պնդել Բրայզայի թեկնածության շուրջ։ «Այսքան սպասել են, երկու ամիս էլ կսպասեն»,- նշեց նա։
«Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, այդ երկրի ներքին քաղաքականության մասն է։ Այնտեղ նոյեմբերին ընտրություններ են։ Դրանց մասնակցում է նաև հայամետ կոնգրեսական Բարբարա Բոքսերը, ով իր հիմնական ձայները հավաքելու է Կալիֆոռնիայից, որտեղ ընտրելու իրավունք ունեցող մեծաքանակ հայեր կան», - նշեց Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ Բոքսերը Բրայզայի թեկնածության վրա «վետո» է դրել։
«Ի՞նչ վտանգներ կարելի է սպասել Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակվելու դեպքում» հարցին Իսկանդարյանը պատասխանեց, որ իրականում Ադրբեջանում նրա նշանակման հետաձգումը, նրա ազգությամբ թուրք կնոջ և նրա հարսանիքի վերաբերյալ, եթե չասնեք «դեղին մամուլի», ապա «դեղին» լուրերը բոնուսներ են, որոնք ստանում են հայ լոբբիստները:
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանցիները խուճապի են մատնվում, երբ հայ լոբբիստները կարողանում են հետաձգել Ադրբեջանի դեսպանի նշանակումը և պայմաններ թելադրել միջազգային ասպարեզում։ «Ադրբեջանցիները մտածում են՝ հայերը կարողանում են ղեկավարել, ազդել մեծ պետությունների վրա, նրանց լսում են։ Սրանք են հայ լոբբիստների բոնուսները»,- նշեց Իսկանդարյանը։

No comments: