Monday, September 27, 2010

Ռիկարդիոնեն ու Բրայզան այս Սենատում չեն անցնի. Milliyet

Tert.am. 27-9-2010- Թուրքիայում և Ադրբեջանում դեսպանների պաշտոններին ԱՄՆ-ի նախագահի առաջարկած թեկնածուներ Ֆրենսիս Ռիկարդիոնեն և Մեթյու Բրայզան բախվել են հայկական լոբբիի լուրջ հակազդեցությանը։ Ինչպես գրում է Milliyet թերթը, տարածաշրջանի նման կարևոր երկրներում դեսպանների բացակայությունը չի կարող չդիպչել տարածաշրջանում Վաշինգտոնի շահերին։
Օգոստոսի 3-ին Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիկարդիոնեի թեկնածությանը, և նրա թեկնածության հաստատման հարցը ներառվել էր Սենատի լիագումար նիստերի օրակարգում։ Սակայն սենատոր Սեմ Բրաունբեքը արգելափակել էր քվեարկությունը, ինչի մասին պաշտոնապես գրավոր տեղեկացրել էր իր գործընկերներին։
Նույն բախտին արժանացավ նաև Բրայզան, որի թեկնածության քննարկման վրա վետո դրեցին սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը։
Պարբերականը նշում է, որ նոյեմբերին սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների պատճառով դժվար թե Մեթյու Բրայզան ու Ֆրենսիս Ռիկարդիոնեն անցնեն Սենատում։
Ըստ թերթի՝ բանն այն է, որ Բրաունբեքին, Բոքսերին ու Մենենդեսին անհրաժեշտ կլինեն հայկական լոբբիի ձայները, այդ պատճառով էլ նրանք կշարունակեն արգելափակել Ռիկարդիոնեի և Բրայզայի թեկնածությունները մինչև նոր գումարման Սենատը, և լավագույն դեպքում ԱՄՆ-ն կարող է իր դեսպաններին Բաքու և Անկարա ուղարկել 2011թ. սկզբին։

No comments: