Sunday, October 10, 2010

Թուրքիայի խորհրդարանի առաջին կին պատգամավորը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

News.am. 10-10-2010- Թուրք-քրդական քաղաքական գործունեություն ծավալող հայտնի գործիչ, իրավապաշտպան, Սախարովի անվան մրցանակակիր Լեյլա Զանան դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով:
Զանան դատապարտվել է Թուրքիայի Դիարբեքիրի Գերագույն քրեական դատարանի կողմից այն բանից հետո, երբ այս տարվա մարտին «Նովրուզի» տոնակատարության ժամանակ ելույթ է ունեցել եւ, իբր, պաշտպանել է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), հաղորդում է Firat-ը:
Դատավորն ասել է, որ Զանայի գործողությունները դուրս ես քարոզչության սահմաններից: «Գլխավոր դատախազի գրասենյակում ամբաստանյալը հայտարարել է, որ PKK-ն չի համարում ահաբեկչական կազմակերպություն, իսկ PKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանն իր համար «քուրդ ժողովրդի առաջնորդն» է, դրանով իսկ անուղղակիորեն ընդունելով մեղադրանքը»,- ասել է դատավորը:
Զանան հերքել է մեղադրանքը, պնդելով, որ Նավրուզի ժամանակ իր ելույթն ուղղված չի եղել որեւէ կազմակերպության կամ անձի աջակցելուն: «Իմ ելույթի էությունը եղել է այն, որպեսզի ժողովրդին հասցնեմ իմ սեփական կարծիքն ու հեռանկարները»,- ասել է կին իրավապաշտպանը: Զանան հայտարարել է, որ քրդական հարցում իր կարծիքն այն է, որ «քրդերը պետք է կազմակերպվեն, որպեսզի պատրաստ լինեն խաղաղ գործընթացին եւ լուծեն իրենց խնդիրն առանց կորուստների»:
Հիշեցնենք, որ Լեյլա Զանան առաջին կինն է, ով 1991-ին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանում, բայց ձերբակալվել է դրանից 3 տարի անց` խորհրդարանում իր երդումը քրդերենով ասելու համար: Նա անազության մեջ է անցկացրել 10 տարի եւ ազատ արձակվել 2004-ին, երբ վերաքննիչ դատարանը բեկանել է դատավճիռը:
1995-ին Եվրախորհրդարանը Սախարովի անվան խաղաղության մրցանակ է շնորհել Զանային, ով այդ մրցանակը կարողացել է ստանալ միայն 2004-ին` ազատ արձակվելուց հետո:

No comments: