Thursday, October 14, 2010

«1915-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԵՆՑ ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՆՐԱՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆ ԱԳՐԵՍԻՎ ԱԶԳԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Հայտարարել է Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ընկերության նախագահ դոց. Լաչիները
«ԱԶԳ», 14-10-2010 - Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ընկերությունըՙ USAK-ը, 2004-ին հիմնադրվել է Անկարայում: Ինչպես որ ենթադրում է անվանումը, ընկերությունը զբաղվում է միջազգային այն հարցերով, որոնք Թուրքիայի տեսադաշտում են, իսկ վերլուծություններին մասնակից է դարձնում թուրք եւ օտարերկրացի հայտնի մասնագետներին, համագործակցելով միաժամանակ աշխարհի տարբեր համալսարանների հետ:
USAK-ն իր գործունեությունը ծավալում է առընթեր գործող «Եվրոմիության հետազոտությունների», «Միջազգային անվտանգության, ահաբեկչության եւ էթնիկ բախումների», «Միջինարեւելյան», «Միջազգային իրավունքի», ինչպես նաեւ «Եվրասիական ուսումնասիրությունների» եւ այլ կենտրոնների միջոցով: Պաշտոնական կայքէջը թուրքերեն եւ անգլերեն է: Այդ լեզուներով հրատարակվում է «Միջազգային իրավունքը եւ Թուրքիան» եւ «Միջինասիական եւ կովկասյան ուսումնասիրություններ» եռամսյա պարբերականները: Ի դեպ, այդ հանդեսների նման անվճար են բաժանվում հրատարակվող գրքերը, որոնցից կարելի է առանձնացնել ընկերության նախագահ, դոց. Սեդաթ Լաչիների համահեղինակած «Արարատ. արվեստն ու հայկական քարոզչությունը», «Հայկական հարցը եւ հրեաները», «Հայկական սփյուռքը Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ավստրալիայում», այդ թվումՙ «Ո՞ր «Հայկական» հարցը» գրքերը:
Ինչպես հոկտեմբերի 12-ին նշել է USAK-ի էլեկտրոնային թերթը, նույն օրը ընկերության նախագահ Լաչիները հարցազրույց է տվել TRT-Turk-ին, որտեղ նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դրա պատճառներին եւ Թուրքիայի հակամարտությանն առնչվող մոտեցմանը:
Էլեկտրոնային թերթի փոխանցմամբ, հարցազրույցում Լաչիները ղարաբաղյան հիմնահարցի ծագումը պայմանավորել է Կովկասի բազմազգ բնույթով, ինչպես նաեւՙ ազգային խնդիրների օգտագործմամբ ժողովուրդներին միմյանց հակադրելու խորհրդային մոտեցումով, եւ նշել է, որ հիմնահարցը վերաճեց հակամարտության, երբ Հայաստանն ուժի միջոցով սկսեց զավթել Լեռնային Ղարաբաղը:
Լաչիների կարծիքով, զավթման գործընթացում Ադրբեջանը միայնակ է մնացել, եւ ի տարբերություն Հայաստանի, նա դեռեւս հասու չի եղել «ազգ» հասկացության ըմբռնմանը: Հայերի եւ ադրբեջանցիների ըմբռնումներում առկա այս տարբերությունը Լաչիները պատճառաբանել է «թուրք-հայկական ողբերգությամբ»: Նա ասել է, որ Թուրքիայի Հանրապետության կազմավորման տարիներին (այսինքնՙ 1915-ից հետո) հայերի ճնշող մեծամասնությունը գաղթել է Հայաստան, հենց այդ տարիներին էլ ձեռք է բերել ագրեսիվ ժողովուրդ դառնալու գիտակցությունը: Մինչդեռ Ադրբեջանը, ըստ Լաչիների, չի կարողացել ինքնապաշտպանական ուժեր կազմակերպել, ԽՍՀՄ-ի փլուզման օրերին նա պատրաստ չի եղել անկախությանը, երկրի ներսում քաղաքացիական յուրօրինակ պատերազմ է ծավալվել անկախության կողմնակիցների եւ դրա հակառակորդների միջեւ, որից հետո սանձազերծված ղարաբաղյան պատերազմում թեեւ Ադրբեջանը պարտություն է կրել, սակայն այդ պարտությունը նպաստել է, որ Ադրբեջանում առաջանա ազգային ինքնագիտակցության եւ «ազգ» դառնալու տրամադրություն: Այնուամենայնիվ, Լաչիները կարծիք է հայտնել, որ պատերազմի հետեւանքով «շուրջ 300-400 հազար հայեր Ադրբեջանից գաղթեցին Հայաստան, որի շնորհիվ ազգագրական առումով երկիրը դարձավ միատարր, իսկ դա Ադրբեջանի համար յուրատեսակ հաղթանակ էր պատերազմում»:
Լաչիները միաժամանակ նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոքր պետություններ են, նրանց միջեւ տարաձայնությունների առկայությունը պատերազմի ռիսկ է պարունակումՙ ուստիեւ միմյանց գոյությանը վերջ տալու վտանգ, իսկ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի նման մեծ տերությունների հետ հարեւանությունը դժբախտություն է ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի համար: Հարավային Օսիայի օրինակով, Լաչիները նախապես զգուշացրել է, որ Ռուսաստանը ամեն պահի կարող է ներխուժել Ղարաբաղ, որովհետեւ իրավիճակն այնտեղ առանձնակի չի տարբերվում Օսիայի իրավիճակից:
Չունենալով սեփական անվտանգության ապահովման հարցում ինքնավստահություն, Լաչիների բնութագրմամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում էին մերձենալ ԱՄՆ-ին, Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին, սակայն ռուս-վրացական հակամարտությունից հետո նրանք վերանայեցին իրենց մոտեցումը եւ ներկա պահին երկուսն էլ, չնայած թշնամիներ են, անվտանգության ապահովման առումով ապավինում են Ռուսաստանին:
Վերջում Լաչիները Ռուսաստանին համեմատել է Սաուդյան Արաբիայի հետ, այն տարբերությամբ, որ անտառապատ է, իսկ Թուրքիան համարել է ժողովրդավարական պետություն: Ելնելով դրանից, կարծիք է հայտնել, որ վերջինս Հարավային Կովկասում առավելություն ունի: Այս ամենով հանդերձ, Լաչիները միաժամանակ խոստովանել է, որ թուրք-մահմեդական ընկալումը չի կարողանում ազդեցիկ լինել Իրանի դեմ, որի հարաբերությունները հայերի հետ անհամեմատ լավ են: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը թեեւ իրեն տեսնում է «մահմեդականության հոգեւոր առաջնորդի» եւ «ղարաբաղյան հիմնահարցում միջնորդի» դերերում, սակայն հազիվ թե պարարտ հող գտնի իսլամական աշխարհում:
Այնուհետեւ Լաչիները ուշադրություն է հրավիրել «Լեռնային Ղարաբաղի բռնազավթման հարցում Հայաստանին Իրանի ցուցաբերած աջակցության վրա», համարելով այս հանգամանքը կրոն-քաղաքականություն հարաբերությունների ասպարեզում բնորոշ օրինակ:
Ավելորդ է Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ընկերության նախագահ, դոց. Սեդաթ Լաչիների ասածների մեկնաբանությունը: Մանավանդ որ դրանք թուրքական իրականության մեջ նորություն չեն: Պարզապես նա այս խոսքերով արտահայտում է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ թուրքական քաղաքական եւ հասարակական շրջանակներում տիրող կարծիքն ու իր երկրի պաշտոնական մոտեցումը: Երբ քաղաքական շրջանակներն ու պետությունը համերաշխ են լինում որեւէ հարցում, եւ նրանց աջակցում է հասարակությունը, ապա հարցին ցուցաբերվող մոտեցման վերանայումն այս երկրում դառնում է անհնար, անկախ կառավարության մոտեցումից կամ փոփոխությունից: 1991-ից Թուրքիային իրար են հաջորդել տարբեր կուսակցությունների բազմաթիվ կառավարություններ, սակայն այս փոփոխությունները ոչ միայն չեն հանգեցրել Հայաստանի նկատմամբ որդեգրած թշնամական դիրքորոշման վերանայմանը, այլեւ ամրապնդել են այդ դիրքորոշումը:
Որքան էլ ղարաբաղյան հիմնահարցում Թուրքիան պաշտպանի ադրբեջանական դիրքերը, այնուամենայնիվ, նրա խնդիրը ոչ թե Ադրբեջանն է, որը, Լաչիների խոստովանությամբ, ազգային անվտանգությունը վստահել է Ռուսաստանին, այլ հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանին եւ հայերին վնասելը, որպեսզի վերջիններս երբեւէ ի վիճակի չլինեն ամուր կանգնելու սեփական ոտքերի վրա: Թուրքական պետության այս նկրտումը բխում է հանցագործի հոգեբանությունից: Քանի որ այդ նույն հոգեբանությամբ տառապում է նաեւ թուրք ժողովուրդըՙ լինելով հայերի ցեղասպանության անմիջական մասնակիցը, ուստի հայատյացությունը երկրում ընդհանուր է դառնում քաղաքական շրջանակների, պետության եւ ժողովրդավարական զանգվածների համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: