Saturday, October 9, 2010

С-300-Ը ԵՎ ԼՂՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

«Լրագիր» 9-10-2010- Մինչ ԵԱՀԿ գնահատման առաքելությունը ակոսում է ղարաբաղյան հեռուները, Ստեփանակերտում պատրաստվում են օդանավակայանի շահագործմանը: Վերակառուցումն ավարտվում է, եւ արդեն խոսվում է այն մասին, որ 1992-ին փակված օդանավակայանը շուտով կվերսկսի աշխատանքը:
Ակնհայտ է, որ օդանավակայանը կընդունի ռազմական ինքնաթիռներ: Սակայն, այն կօգտագործվի նաեւ քաղաքացիական նպատակներով: Առաջին եւ հավանական չվերթը համարվում է Ստեփանակերտ-Երեւանը: Սակայն, հավանական է, որ առաջին չվերթը կկատարվի ոչ թե դեպի Հայաստան, այլ արտերկիր, ասենք` Ռուսաստան: Ակնհայտ է, որ առանց անվտանգության հուսալի երաշխիքների Ղարաբաղը չէր բացի օդանավակայանը: Իսկ լավագույն երաշխիքը կարող էր դառնալ Ղարաբաղում արտերկրի ավիաընկերությունների աշխատանքը, ըստ ամենայնի` ռուսական: Թեեւ չի բացառվում, որ Ղարաբաղը անվտանգության երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից:

Այնպես որ, չի բացառվում, որ Ստեփանակերտի օդանավակայանից առաջին չվերթն իրականացվի ասենք Կրասնոդար, որտեղ ապրում են պատերազմի ժամանակ դեպորտացիայի ենթարկված հազարավոր ղարաբաղցիներ: Շատերը չեն վերադարձել իրենց գյուղերն ազատագրելուց հետո, այդ թվում այն պատճառով, որ Ղարաբաղում անվտանգության երաշխիքներ չեն տեսնում: Եւ չվերթի բացումը ազդանշան կլինի, որ երաշխիքներ կան:

Բացի այդ, Ստեփանակերտից ավիաչվերթների անվտանգության երաշխիք կարող են դառնալ Ադրբեջանին վաճառված С-300 համակարգերը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը վաճառում է համակարգերը, սակայն դրանց կիրառման տեխնոլոգիան չի տալիս: Այնպես որ, հնարավոր է, ռուսական С-300-ը թշնամական հրթիռներից պաշտպանելու է Ստեփանակերտի օդանավակայանը: Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, թե Ղարաբաղում կան ոչ միայն С-300 համակարգեր, այլեւ հակաօդային պաշտպանական այլ հուսալի համակարգեր:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: