Thursday, October 14, 2010

Կայացավ հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը

Հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը: Համաժողովն ընթանում է «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» խորագրով` «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: Համաժողովին մասնակցում է շուրջ 200 լրագրող` աշխարհի 26 երկրներից: Այս համաժողովի աշխատանքներն առաջին անգամ հեռարձակվում են առցանց ռեժիմով:
Բացման խոսքով հանդես եկան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, համաժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը փոխանցեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Վերջիններս իրենց խոսքում ընդգծեցին Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարեւորությունը եւ այս հիմնահարցի շուրջ գաղափարական եւ ազգային միասնությունը: ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը կոչ արեց լրագրողներին «բազմակարծիք եւ տարակարծիք լինելով հանդերձ միասնական լինել համազգային խնդիրների շուրջ, որոնք են. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդար լուծումը, Ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հզորացումն ու զարգացումը, մայրենի լեզվի, մշակույթի պահպանումն ոււ համախմբումը հայ եկեղեցու շուրջ»: Կարեւորելով տեղեկատվական պատերազմում հայ լագրողների դերն ու նշանակությունը` նախարարը կոչ արեց «պաշտպանողական դիրքերից դուրս գալ եւ անցնել հարձակման», քանի որ անցել են ժամանակները, երբ հայ լրագրողների նման պահվածքը կարող էր արդարացվել:

No comments: