Saturday, October 30, 2010

90 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԿՈՐՑՐԻՆՔ ԿԱՐՍԸ

«ԱԶԳ», 30-10-2010 - Թող ների ինձ լիբանանաբնակ գրահրատարակիչ, հրապարակագիր եւ գործարար Արմեն Հարությունյանը, որ համաձայն չլինեմ իր այն տեսակետին, թե «մեր ազգային մեծագոյն կորուստը, Ցեղասպանութենէն ետք», Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության փակումն է 2005 թ. (տե՛ս Արմէն Յարութիւնեան, «Նամակներ Պէյրութէն», Բ. հատոր, Պէյրութ, 2010, էջ 306): Ճիշտը նրա ամենասիրած հեղինակներից` գրող, խմբագիր եւ հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի համոզումն է` Կարսի անկումը թուրքերի ձեռքը 1920 թ. հոկտեմբերի 30-ին (տե՛ս Ա. Ծառուկյանի խմբագրական ներածական խոսքը անկման ժամանակ գերի ընկած ՀՀ խնամատարության նախարար Արտաշես Բաբալյանի «Կարսի անկումը» հուշագրության վերահրատարակման առթիվ, «Նայիրի» շաբաթաթերթ, Բեյրութ, ԺԵ. տարի (1968 - Գ. Յ.) 45-50-րդ համարների փոխարեն լույս տեսած բացառիկ համար, էջ 8): Երրորդ մեծագույն աղետը համարում եմ ՀՀ անկախության հռչակումից առաջ ու հետո սկսված եւ առ այսօր չդադարող արտագաղթը հայրենի այս մի բուռ հողամասից (ՀՀ, ԼՂՀ, Ջավախք)...
Ինչպես հայտնի է, Կարսի անկումից ընդամենը մեկ ամիս հետո ընկավ նաեւ Հայաստանի առաջին հանրապետությունը: Եվ դա բնական էր. այդ մեկ ամսվա ընթացքում թուրքական զորքն ու նրան ուղեկցող քուրդ բաշիբոզուկները համարյա առանց լուրջ դիմադրության հանդիպելու գրավել էին նաեւ Ալեքսանդրապոլը եւ հանրապետության հյուսիսարեւմտյան շրջանի մեծագույն մասը: Այդ ամսվա ընթացքում եւ մինչեւ դրանց պարպումը 1921 թ. գարնանը` նրանք այդ տարածքում թողեցին «այստեղից թուրքն է անցել» թեւավոր խոսքին համահունչ անհամար հետքեր... Այդպես է լինում, երբ դիմադրելու եւ ի հարկին զենքը ձեռքին պատվով մեռնելու փոխարեն հանձնվում ես թշնամու, այն էլ` թուրքի նմանի ողորմածությանը: Բավարար է ասել, թե գերության եւ ստրկության մեջ բազմապատիկ ավելի հայեր (մեծ մասամբ` կենսունակ տարիքի տղամարդիկ) են մահացել, քան 1920 թ. աշնանային հայ-թուրքական պատերազմի ողջ ընթացքում...
Ինչո՞ւ ընկավ Կարսը, եւ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր համազգային այս մեծ ԱՄՈԹԻ եւ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ համար, որի հետեւանքները կրում ենք առ այսօր:
Բերդաքաղաքի անկումից հետո շատերն են տվել այս հարցումները եւ փորձել պատասխանել: Ամեն մեկը փորձել է մեղքը բարդել ուրիշ(ներ)ի վրա, մասնավորաբար` օտարների. ինչ պատճառ ասես, որ չի առաջադրվել` է՛լ միլլիական-բոլշեւիկյան զինակցություն-դավադրություն, է՛լ հայազգի բոլշեւիկների խափանարարական աշխատանք հատկապես ՀՀ բանակում, է՛լ դաշնակից պետությունների դավաճանություն...ՀՀ որեւէ պատասխանատու ղեկավար ինքնաքննադատությամբ չի խոստովանել իր մեղքը, առավել եւս` ապաշխարել իր գործած ծանրագույն եւ աններելի հանցանքի` հայրենիքի տարածքները թշնամուն անարգաբար թողնելու համար: Իսկ եթե չկա անկեղծ ապաշխարություն (այսինքն` մեղքի գիտակցում, զղջում եւ դա չկրկնելու վճռական կամք), հանցանքը մեծ հավանականություն ունի կրկնվելու: Վերջին միտքը ինձ սարսափեցնում է, քանի որ մեր օրերում, մեր այս ընթացքով, նման վերջնական կործանումը ոչ միայն բացառված չէ, այլեւ...

Կարսի անկման ականատեսների կամ այդ մասին անմիջական աղբյուրներից տեղեկացվածների (Արտաշես Բաբալյան, Գարեգին արք. Հովսեփյանց, Կարո Սասունի, Սիմոն Վրացյան, Վահան Արծրունի, Եղիշե Պահլավունի, Արտաշես Ալեքսանդրյան եւ այլք) բոլոր հուշագրություններում մեղքը վերոհիշյալների վրա է բարդվում: Սեփական կոպիտ սխալների մասին ինչ-որ չափով գրում են մարտական գործողությունների մասնակից Հայ Գնդունին (Համբարձում Թոփչյան) եւ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը (վերջինիս հուշագրությունը անտիպ է եւ պահպանվում է Հայաստանի Ազգային արխիվում):
Մեր համոզումով` Կարսի եւ դրան հաջորդած ՀՀ անկման համար առաջին մեղավորը մենք ենք` հայ ժողովուրդը: Լիովին համաձայն ենք Գարեգին Նժդեհի գնահատականին. «Ընդունել ճշմարտութիւնը հանրապետական բանակի անյաջողութեանց մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները կնշանակի պատասխանատուութեան բաժին ընդունել»: Նժդեհը հայտարարում է. «Կարսի ամօթը Հ. Հանրապետական կառավարութեանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդի: Չափւում են, բախւում են բանակները, բայց յաղթում կամ պարտւում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտուողը հայ զինուորն ու զօրավարը չէին միայն, այլ բովանդակ հայութիւնը, հայ ժողովրդի` իր ամբողջութեան մէջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտութիւնը, հա՛յ երիտասարդ...» (Գ. Նժդեհ, «Հատընտիր», Երեւան, 2001, էջ 86): Նույնը հաստատում է նաեւ Հայ Գնդունին. «Բանակները իրարու դէմ պատերազմելու ատեն հոգեկան ձիրքե՛րն են որ կը չափուին երկու կողմերուն կամ թշնամիներուն միջեւ, ամեն բանէ աւելի» (Հայ Գնդունի, «Կարսի անկումին պատճառները», «Մարտկոց» թերթ, Փարիզ, 1932 թ., 10 նոյեմբերի, էջ 2):
Թե՛ անձնական եւ թե՛ հավաքական կյանքում վերելքներին եւ անկումներին նախորդում են բարոյահոգեբանական դրական կամ բացասական երեւույթները: Վերջինի ընդամենը ածանցյալներն են հաջողությունները կամ ձախողությունները:
Իսկ ինչպիսի՞ն էր ՀՀ հասարակության ու հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակը 1920 թ. աշնանը: Թվում է, թե ամեն ինչ ընթանում էր լավ, գոնե այդպես էին իրենց համոզված ցույց տալիս հանրապետության ու նրա բանակի ղեկավարները. բոլշեւիկների մայիսյան խռովությունը ճնշվել էր, երկրի տնտեսությունը վերելք էր ապրում, կենսամակարդակը, թեկուզ դանդաղորեն, բարելավվում էր, ունեինք լավ հանդերձավորված, պարենով, ռոճիկով ու զենքով ապահովված բանակ (ռազմական կարիքները խժռում էին բյուջեի 85 տոկոսը), որը տարածաշրջանում ամենամարտունակն էր համարվում` նախորդ երկու տարիներին հաղթած լինելով թուրքերին, ադրբեջանցիներին ու վրացիներին` այն էլ անհամեմատ ավելի ծանր կենսապայմաններում: Հենց այս գործոններն էլ բթացրել էին հայրենաբնակ հայության ու նրա քաղաքական եւ զինվորական ղեկավարության զգոնությունը. ժողովուրդը մոռացել էր, որ շրջապատված է թշնամի կամ անբարյացակամ հարեւաններով, որ հարկավոր է միշտ պատրաստ լինել պատերազմի` խաղաղ ու անվտանգ կյանքն ապահովելու համար: Շահան Շահնուրի ձեւակերպումով` «հայի լակոտը», վտանգն անցած համարելով, սկսել էր այլասերվել: Ամենուր տիրում էին կաշառակերությունն ու հասարակական բարքերի անկումը, չափանիշները գլխիվայր էին շուռ եկել, պետական գանձը կողոպտողները հասարակական գիտակցության մեջ ոչ թե բացասական կերպարներ էին ընկալվում, այլ` հաջողակներ, նույնիսկ պետական այրերի զգալի տոկոսը եւ զինվորական բարձրաստիճան հրամանատարության ջախջախիչ մեծամասնությունը հանրապետությունը բացահայտորեն համարում էին «թյուրիմացություն», «ժամանակավոր մի երեւույթ», ու երազում էին «էն սհաթը» որ ռուսը - կարմիր, սպիտակ թե այլ գույնի` կարեւոր չէ - նորից կտնօրիներ իբր թե անկախ հանրապետության ու նրա բնակչության ճակատագիրը:
Կարսի անկման հայկական ներքին պատճառները կարելի է դասակարգել հետեւյալ կետերում.
Ա. Գաղափարական պատճառներ . - Դրանցից հիմնականներն են` ՀՀ բանակի հրամկազմի ապազգային նկարագիրը եւ նրա մեջ հայկական անկախ պետականության գաղափարի թուլությունը կամ իսպառ բացակայությունը, բարձրաստիճան սպայակազմի ռուսական լեզվամտածողությունը եւ ռուսամոլությունը, դաշնակից զորքերի օժանդակության վրա հույս դնելը (մեր աներկբա համոզումով` պետական միակ լեզվի` հայոց լեզվի նկատմամբ անարգական վերաբերմունքը ՀՀ առաջին հանրապետության կործանման հիմնական պատճառներից է):
Բ. Ռազմական պատճառներ . -
Բ. 1. Զուտ ռազմական պատճառներ . - Թվարկենք կարեւորագույնները` ռազմական անպատրաստությունը, ռազմական պլանի եւ քարտեզների չգոյությունը, առկա ռազմուժի խելամիտ օգտագործման սկզբունքի բացակայությունը կամ արհամարհումը, ռազմական մանեւրի բացակայությունը, տեղանքի առավելություններն ու անպատեհությունները գնահատելու անկարողությունը, ռազմական հետախուզության եւ հակահետախուզության խայտառակ վիճակը, ոչ միայն աներեւակայելիորեն հանցավոր ներողամտությունը ապաշնորհ ու գաղափարազուրկ հրամանատարների նկատմամբ, այլեւ` նրանց հովանավորումը խնամի-ծանոթ-բարեկամ-կաշառք գործոնների ազդեցությամբ, կաշառակերությունը, կաշառասնությունը եւ փչացածության ուրիշ երեւույթները թե՛ հրամկազմում եւ թե՛ պետական ողջ համակարգում` վերեւից ներքեւ, զինվորական բազմաստիճան ենթակայությունը եւ ռուսական բանակի ղեկավարման շաբլոնի կիրառումը` առանց հաշվի առնելու ՀՀ ռելիեֆը եւ հայ զինվորի բարոյահոգեբանական ու այլ գործոնների տարբերությունը ռուս զինվորի նույն հատկանիշներից, զորակոչի բարձիթողի վիճակը եւ հարուստների տղաների փախուստը զինծառայությունից, հայ զինվորների` նոր ստացված կանադական հրացաններին անբավարար տիրապետելը, ՀՀ բանակի եւ ռազմական նախարարության ապաշնորհ ղեկավարումը, հույսը Կարսի ամրությունների ու հարյուրավոր թնդանոթների վրա դնելը (ընդ որում` շուրջ 700 թնդանոթների կեսը անսարք վիճակում էր թողնված), հայկական երկաթուղու խայտառակ վիճակը:
Բ. 2.- Ռազմահոգեբանական պատճառներ . - Պատերազմին հոգեբանական անպատրաստությունը, թուրքական զորքերի կարողականության թերագնահատումն ու սեփականի գերագնահատումը, հրամանատարության անգիտությունը կամ միտումնավոր տգիտությունը զորքի որակական արժեքը գնահատելիս, ՀՀ բանակում համատարած անպատասխանատվությունն ու անկարգապահությունը` նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում եւ մեղավորներին անպատիժ թողնելը, դասալքությունը եւ դասալիքներին չպատժելը, զորքի բարոյալքումը անհարկի նահանջներով` հաճախ առանց կռիվ տալու, հայկական եւ թուրքական-քրդական էթնոհոգեբանական ու ռազմահոգեբանական առանձնահատկությունների հիմնովին անտեսումը:
Գ. Բարոյահոգեբանական պատճառներ . - Պատերազմի նախորդած շաբաթներին ու նրա ընթացքում հայերի` կռվելու, տոկալու եւ հաղթելու կամքի բացակայությունը եւ թշնամու` այդ հատկանիշների գերազանցությունը, անառողջ մթնոլորտը զինվորական բարձրաստիճան հրամանատարների ու պաշտպանության նախարարության փոխհարաբերություններում, թշնամանքի հասնող հակամարտությունը Կարսի նահանգի քաղաքացիական եւ ռազմական իշխանությունների` հատկապես նահանգապետ Ստ. Ղորղանյանի ու բերդաքաղաքի պարետ գեներալ-լեյտենանտ Դանիել-բեկ Փիրումյանի միջեւ, քաղաքական եւ ռազմական պատկառազդու հրամանատար(ներ)ի բացակայությունը թե՛ Երեւանում եւ թե՛ Կարսում, ալան-թալանի մոլուցքը ՀՀ քաղաքական ղեկավարության միջավայրում եւ Կարսի նահանգի հայկական կանոնավոր ու անկանոն զորամիավորումներում, գաղափարական-բարոյական ու արժեչափերի ահավոր անկումը ՀՀ բանակում, պետական վարչամեքենայում եւ առհասարակ հասարակության մեջ, բարբարոսական կամ հանցագործ անտարբեր վերաբերմունքը հայրենիքի ազատագրված տարածքների նկատմամբ... (այս գործոնները աղբյուրագիտական հենքի վրա մանրամասնել եմ իմ հեղինակած «Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները» գրքույկում (Երեւան, Ա հրատարակություն` 2008 թ., Բ հրատարակություն` 2009 թ.), որի համառոտ, զուտ գիտական տարբերակը մինչ այդ լույս էր տեսել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի խմբագրած «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուում, Երեւան, 2007 թ.):
Վերի տողերը կարդալիս ընթերցողն իր մտքում վստահաբար զուգահեռներ տարավ 90 տարվա վաղեմություն ունեցող այս պետականակործան երեւույթների ու մեր ապրած վերջին տարիների իրողությունների միջեւ: Եթե այս գահավեժ ընթացքը շարունակվի, հետեւանքն էլ նույնն է լինելու` կիսատ-պռատ անկախ պետականության կործանումն ու է՛լ ավելի աղետալին` հայրենիքի զգալի մասի կորուստը, միգուցե նաեւ առհասարակ Հայաստանի վերացումը:
Քննարկելով վերոհիշյալ ու այլ գործոններ, հանգում ենք հետեւյալ երկու եզրակացություններին, որոնցից պետք է դաս քաղենք, որպեսզի Կարսը չկրկնվի.
1. Կարսում ընդհանրապես հայության ու մասնավորապես ՀՀ բանակի պարտությունը օրինաչափ էր ու անխուսափելի, տրամաբանական ու բնական հանգուցալուծումը հայության «հաւաքական դաւաճանութեան» (բնութագրումը Անդրանիկ Ծառուկյանինն է. տե՛ս վերոնշյալ աղբյուրը): Բանակը հասարակության ոչ միայն հայելին է, այլեւ նրա կարեւոր մեկ մասը. ՀՀ զինուժում ծառայողները մեր որդիները, եղբայրները, ամուսինները կամ հայրերն ու պապերն են, հետեւաբար հասարակական արատները անմիջականորեն փոխանցվում են բանակին, ու ընդհակառակը` ինչքան էլ նրանց փոխառնչությունների արանքում «զտիչներ» դրվեն: Ուժեղ բանակ ունենալու համար հարկավոր է ունենալ առողջ հասարակություն եւ նույնքան առողջ պետական վարչամեքենա: Համատարած փչացածության պայմաններում պարտությունները մեծ հավանականություն ունեն, երբեմն էլ` անխուսափելի են: Բանակը ոգի է, մարտակա՛ն ոգի, որը սնվում է ազգի ոգուց: Ոգեղեն, գաղափարական, բարոյական ու հոգեւոր անկումը անպայման եւ անխուսափելիորեն առաջնորդում է ֆիզիկական (նյութական) անկման: Ցավոք սրտի, այս տարրական ճշմարտության գիտակցումը չենք նկատում ՀՀ այսօրվա քաղաքական ղեկավարության, ՀՀ բանակի բարձրաստիճան հրամկազմի ու նրանց հետ սերտաճած խմբիշխանական (օլիգարխիա) չ«ընտրանու» մեջ: Հետեւությունը երեւակայելն անգամ պարզապես սարսափելի է...
2. Ազգի ու ազգային պետության պահպանման ու հզորացման հույսը պետք է դնել միայն եւ միայն ազգի սեփական կարողությունների վրա` դրանք ծայրաստիճան կենտրոնացնելով ու շաղախելով վեհագույն գաղափարներով եւ ուղեկցելով բոլոր ոլորտների ղեկավարների անձնական դրական օրինակներով:
Մեր բախտը պարզապես մինչեւ հիմա ժպտում է, քանի որ մեր գլխավոր թշնամին` թուրք-ադրբեջանական հասարակությունն էլ վարակված է ՀՀ հասարակությունը ներսից հյուծող այս վարակներով: Իսկ եթե Ադրբեջանում հանկարծ հայտնվի Կարսը համարյա առանց կռվի վերցրած ու Հայաստանի առաջին հանրապետությունը ոչնչացրած Քյազիմ Կարաբեքիրի նման մի ղեկավար, որն իր մեջ միավորի թե՛ ռազմական փայլուն գործչին, թե՛ դիվանագետին (Ալեքսանդրապոլի ու Կարսի պայմանագրերում նրա թելադրող ներկայությունը` վկա), թե՛ քաղաքական գործչին, թե՛ ազգային գաղափարախոսին (տվյալ դեպքում` պանթուրքիստին) եւ թե՛ ռազմական հոգեբանին, ի՞նչ է լինելու մեր եւ ՀՀ ճակատագիրը: Նորի՞ց ենք ապավինելու օտարներին (այս դեպքում` Ստեփանակերտը Խանքենդի կոչող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկրներին, Բալկաններում Ռուսաստանի «ֆորպոստ» սլավոնական Սերբիան ԱՄՆ-Եվրոմիությանը զոհաբերած ԱՊՀ-ՀԱՊԿ-ՌԴ-ին, թե՞ սպասելու ենք... հրաշքների:
Իսկ հասարակական կյանքում, առավել եւս` միջպետական հարաբերություններում հրաշքներ չեն լինում...
Ազգովին սթափվենք, քանի դեռ ուշ չէ:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ, Պատմ. գիտ. թեկնածու

No comments: