Friday, October 1, 2010

«Հայոց աշխարհ». Ինչո՞ւ թուրքերը թույլ տվեցին «գորշ գայլերի» առաջնորդին նամազ անել Անիում

News.am. 1-10-2010- «Այսօր Անիի Մայր տաճարում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվող նամազի շուրջ բարձրացված աղմուկը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած խեղկատակության շարունակությունն է՝ հակառակ հաջորդականությամբ»՝ գրում է «Հայոց աշխարհը»՝ շարունակելով. «Այն փաստը, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլ է տվել «գորշ գայլերի» առաջնորդին՝ իր ոհմակի հետ միասին, կազմակերպել այս խեղկատակությունը, վկայում է, որ տվյալ ձեռնարկը նախապես համաձայնեցվել է երկրի կենտրոնական իշխանությունների հետ: Ավելին՝ ակնհայտ է դառնում, որ Սուրբ Խաչում սեպտեմբերի 19-ին կազմակերպված պատարագի եւ այսօրվա նամազի միջեւ գոյություն ունի հստակ կապ ու փոխպայմանավորվածություն:
Ուստի այս առիթով Թուրքիայում հնչող դատողություններն առ այն, թե իբր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը համաձայն չէ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Դեւլեթ Բահչելիի նախաձեռնությանը, որը զուտ ներքաղաքական, ավելի ճիշտ, նախընտրական նպատակներ է հետապնդում, գրոշի արժեք իսկ չունեն: Ուղղակի պատարագի արարողությունը կազմակերպվել էր հիմնականում միջազգային հանրության համար, իսկ այսօրվա ներկայացումը նախատեսված է առավելապես մեզ համար: Սա Հայաստանի հանդեպ թուրքական իշխանությունների մշակած եւ տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացվող «կարկանդակի ու մտրակի» քաղաքականության հերթական դրսեւորումն է: Վարագա Սուրբ Խաչում տեղի ունեցածը «կարկանդակն» էր, որին անպայման հետեւելու էր մտրակը, նամանավանդ այն պատճառով, որ առաջին միջոցառումը բոյկոտի ենթարկվեց Հայաստանի ու Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Եվ բոլոր նրանք, ովքեր չմիացան բոյկոտին, օբյեկտիվորեն նպաստեցին թուրքական քաղաքական խաղերի շարունակմանը, որի նպատակը Թուրքիայի ու նրան կցված Ադրբեջանի ընդհանուր քաղաքական տարածության մեջ հայկական գործոնի դանդաղ ինտեգրումն ու փոշիացումն է»:

No comments: