Wednesday, October 6, 2010

Թուրքիան հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «երբեք կանգ չի առել»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և հավաստիացրել, որ կշարունակեն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մինչև Կովկասում խաղաղություն հաստատվի: Միաժամանակ նա ընդգծել է այս համատեքստում «Ադրբեջանի հետ Թուրքիայի ունեցած հատուկ եղբայրական հարաբերությունները»:
Երկուշաբթի, պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք նոր գործընթաց կսկսվի՞ այս տարվա ապրիլին արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի առկախելուց հետո, Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երբեք չի դադարել, այդ իսկ պատճառով նորը սկսելու կարիք չկա:
Թուրքիայի արտգործնախարարը հավաստիացրել է, որ գործընթացը Թուրքիայի համար շարունակական է, և այն չի ավարտվի մինչև Կովկասում խաղաղություն հաստատվելը:
Սեպտեմբերի վերջին Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Կալմի-Ռեյի հետ ունեցած հանդիպմանը վերաբերող հարցին անդրադառնալիս Դավութօղլուն ասել է, որ խնդրի առնչությամբ մշտապես տեսակետներ է փոխանակում շահագրգիռ կողմերի հետ:
Դավութօղլուն խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում ունեցած վերջին հանդիպումների մասին, որոնց ընթացքում խնդրի առնչությամբ կողմերի միջև քննարկում է տեղի ունեցել:
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի, և կողմերը պետք է փոխադարձաբար հարգեն սահմանները, որպեսզի Կովկասում տևական խաղաղություն հաստատվի:
Այս համատեքստում Դավութօղլուն ասել է, որ Ադրբեջանը հատուկ և եղբայրական երկիր է, և Թուրքիան կշարունակի ջանքեր չխնայել Հայաստանի՝ որպես հարևան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Աղբյուրը` www.todayszaman.com

No comments: