Wednesday, October 6, 2010

«ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՍԿԱՑԱՆ, ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ԽՈՍՔ ՈՒՂՂԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ ԱՂՈԹՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՆ Է»

«ԱԶԳ», 06-10-2010- Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում Ղուրանի այրումն ու Անիի մայր տաճարում նամազի անցկացումը Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նույն հարթության մեջ է մեկնաբանում` հավելելով, որ երկու դեպքերն էլ ծայրահեղական են եւ կրոնական գաղափարին որեւէ առնչություն չունեն: Գնահատականները նույնն են եւ դատապարտելի: Երբ Ղուրանն էին այրում, մահմեդական աշխարհը ոտքի էր կանգնել ու բողոքի լայնածավալ ակցիաներ էր անցկացնում: Ղուրանի այրումը դատապարտեց նաեւ Մայր աթոռը, մինչդեռ երկու շաբաթվա ընթացքում քրիստոնեական տաճարներում կատարվեցին դատապարտելի ու զարհուրելի իրադարձություններ: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ պատարագ առանց քրիստոնեական տաճարի խորհրդանիշ խաչի, իսկ հոկտեմբերի 1-ին Անիի մայր տաճարում կատարվեց նամազի արարողություն, սակայն քրիստոնյա աշխարհը ոչինչ չձեռնարկեց եւ իր բողոքն ու վրդովմունքը որեւէ կերպ չարտահայտեց:
«Ազգ» -ի դիտարկմանն ու հարցին` «Ինչո՞վ էր պայմանավորված քրիստոնյա աշխարհի լռությունը», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը զերծ մնաց մեկնաբանություններից եւ կարծիքներից: Հիշեցնենք, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հիմնադիր անդամ է եւ հայկական կողմի գրագետ աշխատանքի արդյունքում թուրքական կողմի գործողությունները համապատասխան արձագանք կստանային: «Միաժամանակ փորձեցին ժողովրդավար երեւալ եւ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հանդուրժող կեցվածքով ներկայանալ աշխարհին եւ ներքին օգտագործման համար իսլամիստական միտումներին տեղի տալ, որն էլ արտահայտվեց նամազի արարողությամբ»: Եպիսկոպոսը համոզված է. նամազը ոչ թե հոգեւոր բարեպաշտական արարողություն էր, այլ քաղաքական շեշտադրություն պարունակող միջոցառում: Այս խոսքերի հիմնավորումն այն է, որ արմատական իսլամիստները եկեղեցում խուսափում են կրոնական ծես անցկացնելուց: Նույն կերպ որեւէ քրիստոնյա պատարագ չի մատուցում մզկիթում: «Այս կերպ Թուրքիան ցույց տվեց, որ իսլամիստական եւ քրիստոնյա բոլոր կոթողներն իրեն են պատկանում: Բացի այդ, թուրքերը հասկացան, որ Աստծուն խոսք ուղղելու լավագույն վայրը քրիստոնեական տաճարում աղոթք անցկացնելն է»:
Արշակ եպիսկոպոսը համոզված է, որ նամազի արարողությունը որեւէ կերպ պայմանավորված չէ Մայր աթոռիՙ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագից հրաժարվելուց: Պատարագին Մայր աթոռի նախնական մասնակցությունը եպիսկոպոսը բացատրում է նրանով, որ Թուրքիայում կա 2500 հայկական պատմական հուշարձան, եւ եթե հնարավորություն կա դրանցից մեկը փրկելու ոչնչացումից եւ պահպանելու հետագա սերունդների համար, ապա Մայր աթոռը կգնար այդ քայլին. միակ պայմանը եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելն էր, ինչը թուրքական իշխանությունները չկատարեցին:
Այսօր խաչն արդեն տեղադրված է, սակայն Մայր աթոռը չի շտապում պատասխանել արդյոք կմասնակցի՞ Սուրբ Խաչում այլ պատարագների. «Եթե այլ խնդիրներ չծագեն»:
Արշակ սրբազանի մեկնաբանությամբՙ խաչի տեղադրումը նպատակ ուներ ինչ-որ կերպ մեղմել նամազի ազդեցությունը:
Անդրադառնալով Մայր աթոռի եւ Պոլսի պատրիարքարանի հարաբերություններինՙ Մայր աթոռի դիվանապետն ասաց, որ հարաբերությունները ջերմ ու եղբայրական են, եւ պատրիարքի փոխանորդի ընտրությունները որեւէ ազդեցություն չեն գործել: Ինչ վերաբերում է Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրին, սրբազանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 23-28-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կայցելի Վրաստան: Թեպետ այցի մանրամասնությունների վերաբերյալ առայժմ տեղեկություն չկա, սակայն այցելության հիմնական նպատակներից մեկը Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի եւ հետագա ճակատագրի հարցի քննարկումն է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: