Tuesday, October 5, 2010

Եթե թուրքական կողմը հրավիրի, հայ հոգևորականներն արդեն կմասնակցեն Սուրբ խաչի պատարագին։

Tert.am. 5-10-2010- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Անիի մայր տաճարում անցկացված նամազի վերաբերյալ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքի հետ։ Միաժամանակ, դա փորձ է ժխտելու Անիի մայր տաճարի հայկական պատկանելությունը, որն աղոթազրկվել է Հայոց Ցեղասպանության հետևանքով»։
Այսօրվա ասուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ Անիի տաճարում նամազ կատարելը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ հայ հոգևորականները չմեկնեցին Վան և չմասնակցեցին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին։ Ավելին, ըստ սրբազանի, Սուրբ խաչի գմբեթին խաչի տեղադրումը գուցե ուղղված է նամազի շուրջ ստեղծված աղմուկի մեղմմանը։ Եթե թուրքական կողմը դարձյալ հրավիրի, հայ հոգևորականներն արդեն կմասնակցեն օծված խաչով Սուրբ խաչի պատարագին։
Ըստ հոգևորականի՝ Պոլսո պատրիարքարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև միշտ եղել են ջերմ ու եղբայրական հարաբերություններ։ «Նրանք իրենց նվիրվածությունը ցույց են տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Բայց այստեղ կա մի նրբություն. պետք է միշտ նկատի ունենալ պատրիարքարանի գործունեության միջավայրը։ Պետք է պարզապես պատկերացնել, թե ինչ մթնոլորտ է տիրում Թուրքիայում»,- նշեց նա։ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը գովեստի խոսքեր ուղղեց թուրքահայ համայնքին՝ նշելով, որ դժվարին պայմաններում նրանք կարողացել են պահպանել 16 հայկական եկեղեցիներ, որոնք այսօր գործում են։
Ըստ բանախոսի՝ Թուրքիան այսօր էլ զբաղված է հայկական եկեղեցիների պատմության աղավաղմամբ։
«Այդ երկրում չի գործում ազգային փոքրամասնությունների և նրանց կրոնի միասին օրենք։ Պետական աջակցություն է վայելում միայն իսլամը»,- նշեց նա։
Վրաստանում նույնպես կա այդ խնդիրը, քանի որ հստակեցված չէ հայկական եկեղեցու կարգավիճակը։
Ըստ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի՝ վրացիներն առաջարկում են, որ այնտեղ գտնվող հայկական եկեղեցիները հասարակական կազմակերպության կարգավիճակ ստանան։ «Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է Վեհափառ հայրապետի այցը Վրաստան, որի ընթացքում հնարավորություն կլինի այդ հարցը բարձրացնել»,- նշեց նա։

No comments: