Wednesday, October 27, 2010

Թուրքիան դե ֆակտո Ղարաբաղյան հակամարտության կողմ է. Գագիկ Հարությունյան

Tert.am. 27-10-2010- Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կողմ է, եթե ոչ «դե յուրե», ապա «դե ֆակտո»: Այսպիսի տեսակետ է հայտնել «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Ես որպես վերլուծաբան կարծում եմ, որ որոշակի ագրեսիվությունը, այն հարձակողական քաղաքականությունը, որն այսօր որդեգրել է Ադրբեջանը, մասամբ գուցե պայմանավորված է թուրքական կողմի հորդորներով», – ասաց նա։
Նա նաև կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան խնդիրն այսօր շատ ավելի մոտ է լուծմանը, քան նախկինում։ «Մեզ համար լուծումն այն ստատուս քվոն է, այն իրողությունը, որն այսօր կա», – ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ այս հարցը կարող էր լուծվել դեռ 10 տարի առաջ։
«Եթե Ալիևը չգցեր իրեն ծուղակի մեջ իր հակահայկական գաղափարախոսությամբ, ապա 10 տարի առաջ այս հարցը գուցե հնարավոր էր լուծել՝ ազատագրված տարածքների մի մասը զիջելով Ադրբեջանին Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց», – պարզաբանեց փորձագետը։
Նա նաև հավելեց, որ առայժմ նման հեռանկար Ադրբեջանին չի ժպտում, և կարծես թե ժամանակն աշխատում է ի վնաս ադրբեջանական կողմի։
Խոսելով այսօր սպասվող նախագահների եռակողմ հանդիպման մասին՝ Հարությունյանն ասաց, որ այդ հանդիպումից պետք չէ «շատ բան սպասել»։
«Աստրախանի հանդիպման իմաստը կայանում է հետևյալում. առաջինը՝ փորձ կատարել վերադառնալ նախկին համաձայնություններին որոշակի սկզբունքների շուրջ, որոնք մինչև այդ գոյություն ունեին։ Երկրորդը՝ այստեղ կա որոշակի պրոտոկոլային էլեմենտ։ Ռուսաստանը հայ–ադրբեջանական հարաբերությունները փորձում է բերել համաձայնության դաշտ գոնե դիվանագիտական համատեքստում», – եզրափակեց նա։

No comments: