Saturday, October 9, 2010

Ջենգիզ Աքթար. Ցյուրիխի Արձանագրությունները մոռացված թեմա է

Tert.am. 9-10-2010- Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունները մոռացված են: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Ջենգիզ Աքթարը:
«Այսօր դուրս գալով փողոց` որևէ մեկից պատասխան չեք լսի ցյուրիխյան Արձանագրությունների մասին: Ես չեմ հավատում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ փոփոխություն կլինի մինչև հաջորդ տարվա հունիս` Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարել է Աքթարը` ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է հարցի լուծումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չկա: Հակառակ Մինսկի խմբի` հարցի կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն ուղղված բոլոր ջանքերին` բանակցային գործընթացում որևէ արդյունք չի գրանցվում: Ես որևէ պատճառ չեմ տեսնում Արձանագրությունների հարցում լավատես լինելու համար, քանի որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում, սահմանը չի բացվելու»,- հայտարարել է թուրք վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ Ջենգիզ Աքթարը մեկն էր այն չորս թուրք մտավաորականներից, որոնց ջանքերով Թուրքիայում 2008թ. դեկտեմբերին մեկնարկեց «Հայերից ներողություն խնդրելու» արշավը:

No comments: