Tuesday, October 26, 2010

Շարմազանովը Ալիևին հիշեցրեց ադրբեջանցիների ծագումնաբանական կոկտեյլի մասին

Tert.am. 26-10-2010- Ալիևը պետք է շատ լավ իմանա, որ ադրբեջանական պատմագրությունը առ այսօր խճճված է իր ժողովրդի «միդիական», «աղվանական» և «թուրքական» ծագումնաբանական կոկտեյլի մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «ՀՀԿ» խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ մինչև 1918 թվականը աշխարհին հայտնի չէ Ադրբեջան անունով պետական միավորում, ավելին, Ռուսական կայսրության կործանման հետևանքով առաջացած այդ պետության մեջ կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը, ի տարբերություն հայերի, թալիշների, լեզգիների, ուդիների, ավարների, ռուսների և քրդերի, փոքրամասնություն էին կազմում:
«Հարավային Կովկասում կովկասյան թուրքերի պետության ստեղծումը բացառապես պայմանավորված էր` Նուրի փաշայի գլխավորությամբ թուրքական կանոնավոր բանակի ինտերվենցիայով: Այդպիսով Ադրբեջանը պետք է լիներ կամուրջ` Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները իրագործելու համար: Պատահական չէ, որ նրանց նախագահներից Աբուլֆազ Էլչիբեյը նշեց. «Չկա ադրբեջանական լեզու, կա թուրքական լեզու»»,-ասաց Շարմազանովը:
Ըստ պատգամավորի՝ մինչև 1936 թիվը «ադրբեջանական ազգ» հասկացություն գոյություն չուներ, «այն շրջանառության մեջ մտավ Ստալինի թեթև ձեռքով, ով արհեստականորեն տարբերակում մտցրեց Խորհրդային Ադրբեջանի թաթարների և Փոքր Ասիայի թուրքերի միջև, հաշվի առնելով այն գաղափարական տարբերությունը, որ կար երկու պետությունների միջև»:
«Չնայած Բաքվի գեբելսյան պրոպագանդայի հավաստիացումներին, պետք է նշել, որ Կովկասյան թուրքերը ոչնչով աչքի չընկան, նույնիսկ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին` չծնելով քիչ թե շատ հայտնի որևէ զորահրամանատար: Սրանով է բացատրվում, որ արդեն անկախ Ադրբեջանում անարգվեցին Երկրորդ աշխարհամարտի հերոսների հուշարձանները` այդ թվում Անանուն զինվորի հուշարձանը Բաքվում:
Հաշվի առնելով, որ մեր արևելյան հարևանները հանդես են գալիս այնպիսի կեղծ պատմագիտական հայեցակարգերով, որոնք զավեշտալի են այն աստիճան, որ անգամ հայտնի «Ոդիսական»-ում` «կիկլոպներին նկարագրելով Հոմերոսը նկատի է ունեցել Ադրբեջանին ու ադրբեջանցիներին», այն որ հայտնի «Գիլգամեշի» էպոսը «ադրբեջանական հնագույն գրականության գոհարներից է», ուղղակի աննշան են «Խորհրդային Նախիջևան» թերթի այն հրապարակման հետ, ըստ որի` Նոյ նահապետը հռչակված է «ադրբեջանցի հնագույն գիտնական, աստղագետ»»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հաշվի առնելով ադրբեջանական պատմագրության ծիծաղելի զինանոցը՝ դեռ Ալիև կրտսերը կշարունակի օգտվել այդ նյութերից` զվարճացնելով ոչ միայն հարևաններին, այլև ողջ աշխարհին:

No comments: