Thursday, October 28, 2010

ՃԱՆԱՉԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ

ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Ժառանգություն խմբակցության նախաձեռնությունը խորհրդարանական և արտախորհրդարանական լուրջ տարակարծության է տեղիք տվել: Սույն քննարկումները միանգամայն նորմալ և ընկալելի-ընդունելի կլինեին երկու հայկական պետականությունների միջև բնականոն և համակարգված հարաբերությունների պարագայում, երբ ոչ միայն երկու իշխանությունները, այլև երկու հանրությունները շահագրգիռ քննարկումներ կանցկացնեին:
Բայց քանի որ Հայաստանը մենաշնորհել է ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների իրավունքներն ու պարտականությունները, իսկ ԼՂՀ իշխանություններն էլ առանձնակի դժգոհություն չեն հայտնում, ավելին` հերթապահ խոսքերից բացի գործնականում ոչինչ չեն անում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ապա նման քննարկումներում անիմաստ են բազմակողմանի վերլուծություններն ու նախաձեռնության դրական ու բացասական կողմերի-հետևանքների հարաբերակցության որոշումը: Մեր պարագայում, ըստ իս, պիտի միանշանակ ողջունել ցանկացած քայլ այս ուղղությամբ, քանի որ այն նպաստում է հարցը մեռյալ կետից շարժելուն: Այնպես որ, Ժառանգության նախաձեռնությունն այս իմաստով միանշանակ ողջունելի է:

Միևնույն ժամանակ, կուզեի, որ դրան զուգընթաց քննարկումները տեղափոխվեն առավելագույնս գործնական ու օգտակար հարթություն:

Ամենից առաջ կուզեի հարցնել` մենք ո՞ր ԼՂՀ-ն ենք ուզում ճանաչել, ավելի ստույգ` ԼՂՀ ո՞ր վիճակ-կարգավիճակը: Ներկայիս կախյալից էլ կախյա՞լ, թե՞ ապագայի իրապես անկախ վիճակը: Ի՞նչ եք կարծում` ներկայիս կախյալ վիճակի անկախության ճանաչումը շա՞տ բան կարող է տալ: Թե՞ պարզապես փաստելու է այդ կախյալության անկախությունը հենց մեզնից` հանրությունից:

Երիցս համոզված եմ` նախքան ԼՂՀ-ն ճանաչումը նախևառաջ հարկ է վերականգնել ու ճանաչել ղարաբաղյան գործոնն ընդհանրապես և ըստ ամենայնի: Որովհետև ԼՂՀ-ն դադարել է կողմ լինելուց ոչ միայն բանակցային գործընթացում, այլ մասամբ նաև համահայկական հարթությունում և որոշ հարցերում էլ` նույնիսկ իր ներպետական կյանքում: Իսկ այստեղ` ղարաբաղյան գործոնի վերականգնման և ճանաչման ասպարեզում, մեծ անելիք ունեն ոչ միայն իշխանությունները, այլև հանրությունները, բոլորս: Այս պարագայում մենք ոչ մեկից չենք պահանջի ճանաչել, այլ ինքներս միասին ու համատեղ պիտի նպաստենք դրան:

Իսկ դրա համար անհրաժեշտ է երկու հանրությունների երկխոսություն-ինտեգրում-մերձեցում: Այո, մենք մի ժողովուրդ ենք, բայց երկու տարբեր հանրություն: “Տարբեր” ասածն իրականում մեղմ է հնչում, իրականում մենք երկու առանձին, ներկայումս միմյանց դարդուցավին անհաղորդ ու ինչ-որ տեղ խորթ հանրություններ ենք: Այս ամբողջ ընթացքում ինտեգրվել են միայն իշխանությունները, ինտեգրվելս ո՞րն է` սերտաճել են: Թեև այս պնդումն էլ մասամբ է իրավացի, քանի որ իրականում ոչ թե երկու իշխանական համակարգերն են ինտեգրվել, այլ երկու բարձրագույն ղեկավարությունները: Մինչդեռ պիտի երկու հանրությունները ինտեգրվեն, առանց որի ամեն ինչ անիմաստ է` ճանաչես, թե չճանաչես: Բառի բուն իմաստով պիտի ծանոթանալ-ճանաչել առաջին հերթին, և երկրորդ հերթին միայն` թղթային-իրավական ճանաչում:

ԼՂՀ-ն ճանաչելուց առաջ պիտի հստակեցնել երկու հայկական պետականությունների իրավունքներն ու պարտականությունները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում, երկու հանրությունները պիտի հետամուտ լինեն այս հարցին: Վաղուց ժամանակն է, որ երկու հայկական պետություններն իրենց հարաբերությունները վեր բարձրացնեն միջանձնային հարաբերություններից և հասցնեն իրավահամակարգային հարաբերությունների, ռազմավարական կամ ռազմաքաղաքական դաշինք կնքեն: Այսինքն` դրանով իսկ նախ նպաստեն ղարաբաղյան գործոնի վերականգնմանը, որից հետո ԼՂՀ ճանաչումը ինքնաբերաբար օրակարգ կմտնի: Նկատի ունեմ ոչ թե ՀՀ ԱԺ օրակարգը, այլ հանրային առաջնահերթությունների օրակարգը:

Եւ ամենակարևորը` երկու հանրությունները պիտի իրենցից կախվածն անեն, որպեսզի Արցախում իշխանությունը ձևավորվի առանց ՀՀ քաղաքական վերնախավի միջամտության, այլապես ԼՂՀ ինքնուրույն քաղաքականության մասին հորդորները կշարունակեն պարապ վախտի խաղալիք մնալ, եթե վճռորոշ ձայնի իրավունքը շարունակի մնալ ՀՀ ղեկավարության ձեռքին:

Արցախում պիտի կայանա քաղաքացիական հասարակություն, երկրորդ հայկական պետականությունը (երկու հայկական պետականություններից գոնե մեկը) պիտի անվերապահ ժողովրդավարական ու մրցունակ դառնա: Մինչդեռ քանիցս ստիպված ենք եղել ցավով փաստելու, որ արցախյան ընտրությունները և այլ ներքաղաքական հարցեր միշտ էլ բախվել են հայաստանյան հանրության անտարբերությանը: Չեմ ասում` իշխանությունների, որովհետև նրանք երբեք էլ անտարբեր չեն եղել և քաջ հասկացել են, որ իրենց իշխանության պահպանման գրավականներից մեկն էլ այնտեղ է` Արցախում: Մի բան, որ համառորեն չեն ուզում ընկալել հայաստանյան ընդդիմությունը, հայաստանյան հանրությունը:

Ահա այս ամենը պիտի նկատի ունենալ ճանաչելուց առաջ և հետո: Թե չէ մի տեսակ զավեշտ է ստացվում` ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ է հայտնվում, իսկ ԼՂՀ իշխանություններն էլ խոհեմության կոչ են անում և հորդորում չշահարկել այդ հարցը: Ուրեմն` վերջից պիտի սկսել: Որ այսպիսի արձագանք այլևս չլինի:

Սա էլ է համահայկական խնդիր, որպիսին է ոչ միայն հանուն Արցախի դրամահավաքը:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

No comments: