Wednesday, October 27, 2010

Ա.Արեշև. «Կան մի շարք հանգամանքներ, որոնք ստիպում են Ադրբեջանին գոնե ցույց տալ, թե ինքը բանակցում է»

Panorama.am. 27-10-2010- Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, ռուս հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը կիսում է այն կարծիքը, որ Աստրախանում այսօր կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կարգավորման իմաստով որևէ շրջադարձային զարգացումների չի բերի: Այս մասին նա հայտարարեց Panorama.am-ի հետ զրույցում:
«Բայց միանշանակ է, որ նման հանդիպումները, անգամ եթե շրջադարձային էլ չեն, այդուհանդերձ ավելի լավ են, քան ոչինչ չլիներ»,- հավելեց Անդրեյ Արեշևը :

Քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ կարելի է բացատրել, հանդիպման այդքան անսպասելի լինելն ու դրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցելու համաձայնությունը` հատկապես վերջին շրջանում առկա դիվերսիոն գործողությունների հաճախակիացման ֆոնին:

«Կարծում եմ, կան մի շարք հանգամանքներ, որոնք ստիպում են Ադրբեջանին գոնե ցույց տալ, թե ինքը բանակցում է»,- նշեց Ա.Արեշևն ու ավելացրեց, թե ամեն դեպքում սխալ կլիներ հույսը դնել միայն նրա վրա, թե հակառակ կողմը կերկնչի ռազմատենչ հայտարարությունների տեղատարափից կամ շփման գծում իրականացվող համապատասխան քայլերից:

No comments: