Tuesday, October 12, 2010

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է նաեւ Ադրբեջանում մահացած հայ գերու հարցը

Թեպետ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդգրկված հարցերն ուղղակիորեն չէին առնչվում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության խնդիրներին, սակայն Հայաստանի վերաբերյալ հարցեր, այնուամենայնիվ, լիարգումար նիստի ընթացքում հնչեցվել են։
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, ներքին քաղաքականության վերաբերյալ ինքը ներկայացրել է մի փաստաթուղթ, որն առնչվում է 2010 թվականի 10-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի քննադատությանը:
«Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի թվում ես բարձրացրել եմ նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, ԵԽԽՎ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ Ադրբեջանում մահացած հայ գերուն առնչվող հարցեր»,-տեղեկացրեց Փոստանջյանը՝ ավելացնելով, որ նմաօրինակ փասաթղթերի շրջանառությունը ԵԽԽՎ-ում շատ կարեւոր է։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը նկատեց նաեւ, որ արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանը բավական արդյունավետ է աշխատում եւ վերջին 10 տարիների ընթացքում բավական արդյունավետ է օգտագործել եվրոպական այդ կառույցի ամբիոնը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանը մեծաքանակ փաստաթղթեր է դրել շրջանառության մեջ, կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունը եւս այս անգամ այս ուղղությամբ հնարավորինս լավ աշխատանք է տարել»,- ամփոփեց Փոստանջյանը։

No comments: