Tuesday, October 12, 2010

Թուրքիայում կդատեն Դինքի ընտանիքի փաստաբանին

«Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն դատարանի առջև կկանգնի «տրապիզոնցիներին վիրավորելու» մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ANF գործակալությունը` ավելացնելով, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է դատական գործ սկսել Դինքի ընտանիքի փաստաբանի դեմ:
ANF գործակալության փոխանցմամբ` Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուի և խմբագրապետի սպանության գործով անցնող Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար գնդապետ Ալի Օզի փաստաբանի` Ալի Սյուրմենի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել Տրապիզոնի դատարանում տեղի ունեցած նիստից հետո:
Նիստի ավարտին Ալի Սյուրմենը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ «որևէ ինֆորմացիա տրամադրելն» արգելված է: Սակայն այդ պահին Դինքի ընտանիքի փաստաբաններից Բահրի Բելենը հայտարարել էր, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, որի ընթացքում Դինքի սպանության առնչությամբ դատարանը կլսի հետախուզության ծառայության որոշ աշխատակիցների: Այդ հայտարարությունից հետո Դինքի ընտանիքի փաստաբանին հանդիմանել էր Ալի Սյուրմենին` ասելով. «Շոու մի սարքեք: Եթե բան ունեք ասելու, կանգնեք և ասեք ու բարի եղեք սպասել պատասխանին, այլ ոչ թե երեխաների պես ասեք ու հեռացեք»:
Ալի Սյուրմենի այդ հանդիմանությանը հակազդել էր Դինքի ընտանիքի մեկ այլ փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն` ասելով. «Դուք էլ լավ գիտեք՝ ինչպես մարդ սպանել, այնպես չէ՞»:
Ալի Սյուրմենն այդ խոսքերի պատճառով դիմել էր Թուրքիայի արդարադատության նախարարություն` խնդրելով թույլատրել դատական գործ սկսել Հաքան Բաքըրջըօղլուի դեմ:
Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1–ին։

No comments: