News.am. 27-10-2010- Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հանգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցված լուծման մինչեւ դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:«Այսօրվա հանդիպումը գնահատում եմ շատ օգտակար: Բոլոր դեպքերում բանակցություններն ավելի լավ են, քան թեժ պայքարը: Բայց սրանք ոչ միայն բանակցություններ են, այլեւ` առաջ ընթանալու հնարավորություն»,- ասել է Մեդվեդեւն ու հավելել. «Այսօր մենք պայմանավորվել ենք, որ այժմ մնացել են կարգավորման սկզբունքները, որոնք հետագայում պետք է դրվեն խաղաղ պայմանագրի հիմքում: Հարցեր դեռ շատ կան, բայց կողմերի մոտ կա ցանկություն: Մենք որոշակի ուղի ենք անցել, որը հույս է տալիս կարծելու, որ եթե կողմերը լավ աշխատեն, իսկ նման հանձնարարություն մենք մեր արտգործնախարարներին տվել ենք, հնարավոր է դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ հասնել հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը: Բայց կրկնում եմ` հիմնական աշխատանքները դեռ առջեւում են»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ Դմիտրի Մեդվեդեւը: Այս եռակողմ ձեւաչափով նրանք հանդիպում են արդեն 6-րդ անգամ, որից երեքն այս տարի:
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կայացել է 2008 թվականի հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Նախագահները ծանոթացել էին «ծանոթացել էին կողմերի մոտեցումներին եւ հանձնարարել էին ԱԳ նախարարներին շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի հետ»:
2008-ի նոյեմբերի 2-ին մեձմոսկովյան Մայնդորֆյան պալատում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել էր Հռչակագիր, որտեղ սահմանվում էին ԼՂ խնդրի կարգավորման սկբունքները: Սա վերջին 15 տարվա ընթացքում առաջին փաստաթուղթն էր, որի տակ կողմերը ստորագրություն դրեցին:
Ալիեւի ու Սարգսյանի հաջորդ հանդիպումները կայացել են 2009-ի հունվարի 28-ին` Ցյուրիխում, մայիսի 7-ին` Պրահայում, հունիսի 4-ին` Սանկտ-Պետերբուրգում, հուլիսի 17-ին` Մոսկվայում: 2009-ի հոկտեմբերի 9-ին եռակողմ հանդիպում է կայացել Քիշնեւում, 2010-ի նոյեմբերի 22-ին`Կրասնայա Պոլյանայում: Վերջին հանդիպումը կայացել է 2010-ի հունիսի 18-ին` Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ կողմերին առաջարկվել էր Մարիդյան սկզբունքների վերջին տարբերակը:
Հանդիպումից անմիջապես հետո, Հայաստանի նախագահը եռակողմ ձեւաչափով կհանդիպի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment