Wednesday, October 6, 2010

ՈՀՄԱԿԻ ՕՐԵՆՔԸ

Հետաքրքիր բաներ են կատարվում մեր ռազմավարական ,դաշնակից, Ռուսաստանում: Որ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովը խայտառակ կերպար էր, տարիներ շարունակ ասում էր քաղաքական վտարանդի Բերեզովսկին: Սակայն, այդ մասին ռուս “առաջադեմները” հիշեցին միաժամանակ ու միահամուռ` այն բանից հետո, երբ իրենց նախագահ Մեդվեդեւը նրան հանեց գործից, իսկ սուպեր-նախագահ Պուտինն էլ` “Չէ” չասաց: Հիմա ռուսական եթերն ու մամուլը ողողված են Լուժկովի դեմ ռուս “հասարակության” պախարակումներով: Լավ է` դեռ առանձնանալու տեղ ունի մարդը, այլապես բառի բուն իմաստով կհոշոտեին իրենց սիրասուն նախկինին:
Երբ կոմունիստական ատավիզմ Լուկաշենկոն Ռուսաստանի հետ “Միասնական պետություն” էր հիմնում, նա հանդուրժելի էր ու լավը, հերն էլ անիծած, որ Բելոռուսում քաղբանտարկյալներ կային ու լրագրողներ էին հալածվում: Հիմա արդեն, երբ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները մեկնարկի համազարկը տվեցին (Արեւմուտքի հետ, հավանաբար, գազային եւ ուկրաինական իշխանափոխության տարածաշրջանային պայմանավորվածությունների ձեռքբերման շնորհիվ), ռուսական ամբողջ էլիտան ու “աշխատանքային կոլեկտիվներն” անցան Լուկաշենկոյի հոշոտման գործին:

Խնդիրն ամենեւին այն չէ, որ Լուժկովը կամ Լուկաշենկոն վատն էին, հնամենի ու վտանգավոր, խնդիրն այն է, որ ռուսական մենթալության մեջ միայն մեկ դատարան գոյություն ունի` ինքնակալի կամքը, իսկ այդ կամքի կատարումը սրբազան է այդ երկրում: Այդպես հոշոտվել են ոչ միայն Լերմոնտովի կամ Եսենինի նման պայծառ օծյալները, այլեւ հոշոտման հրաման տվողներն այն պահից, երբ դադարել են հրաման տվող լինելուց: Մեր Թումանյանին եւ հարյուր հազարավորների հոշոտելու “սրբազան” հրաման տված ցարն իր ընտանիքի հետ հոշոտվեց, երբ փոխվեցին հրամանատարները: Այդ ժամանակ էլ “հասարակությունը” շան լափ էր թափում կայսրության ամենալուսավոր անհատների գլխին: Մեր Բակունցին ու տասնյակ միլիոնավորների հոշոտելու “սրբազան” հրաման տված Ստալինը հետմահու հոշոտվեց իր երեկվա կամակատար Խրուշչովի կողմից: Այդ ժամանակ եւս “սովետական ժողովուրդը” միահամուռ էր դատապարտում “սրիկաներին”, եւ անհամար էին տարբեր ազգերի նաիրիզարյանները: Իր մայր կոմունիստական կուսակցությանը ողջ գիտակցական կյանքում ծառայած, ապա դավաճանած Բորիս Ելցինին ու մնացյալին հիշելն իսկ ավելորդ է: Մեդվեդեւին ու Պուտինին դեռ հաջողվում է իրար հետ կեֆիր ըմպել…
Սա ոհմակի օրենքն է, որ այդպես էլ հարյուրամյակների մեջ չի փոխվում այդ կայսրությունում, որի ֆորպոստը կամ ծայրագավառն է “ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական” երկիր Հայաստանը: Մենք, իհարկե, դրա համար մեղադրում ենք ԱՄՆ-ին ու Եվրոպային, թեեւ նրանց օկուպացիոն զորքերի միջով չես անցնում, երբ ուզում ես քո “ինքնիշխան” երկրի Զվարթնոց օդանավակայանից մեկնել, ասենք, Լոնդոն կամ Հալեպ: Սա շատ նման է Չարիքի կայսրությունում տարածված մի այլախոհական անեկդոտի, երբ Սպիտակ տան դիմաց ԱՄՆ նախագահին հայհոյող ցուցարարներին տեսնելով` կոմունիստներն ասում են, թե ԽՍՀՄ-ում էլ կա այդ ազատությունը` Կրեմլի առջեւ եւս կարելի է հայհոյել ԱՄՆ նախագահին:
Միշտ էլ ծայրագավառները կապկում են մետրոպոլիային. գաղութն այլ կերպ չի էլ կարող: Նույն Ռուսաստանն է այսօր Հայաստանը` գավառական կատարմամբ: Եթե հրամանը կա ոչնչացնել ոմանց, ապա կամակատար պնակալեզներն իրենց “ազատ” եթերում դոշաբի շիշը ցույց կտան որպես իրենց հոգեւոր հայր Մոլոտովի շիշ, արդարության ծարավիների հարյուր հազարանոց հուժկու հանրահավաքը` որպես հազար “չկայացած, աբիժնիկ, նարկոման” ամբոխի նվնվոց, Գյուլի հետ ոտուգլուխ քնողին սազական ֆեսը կպատկերեն ամենալուսավոր գլուխների վրա…

Այստեղ գավառացի ոհմակայիններն առանձնակի ոգեւորությամբ հոշոտում են հատկապես իրենց նախկին ոհմակակցին` քաղաքական, մշակութային, հասարակական ամբողջ դաշտում, առանց բացառության: Եթե մի Սբխեչի ուլի վրա այդքան բորենի էր հավաքվել, պատկերացնո՞ւմ եք, թե գիշատիչների ինչ խնջույք կլինի որեւէ պարարտ եզի կամ առյուծի պայտերը տնկելու դեպքում: Իսկ մարտի 1-ի արյան համը բորբոքել է վայրենիների նախաստեղծ բնազդը` պարարտ հող պատրաստելով գալիք խրախճանքների համար: Գավառում առավել անհագուրդ են լինում ու անհաշտ, գավառում ատում են գիրն ու գրականությունը, գավառում զոոֆիլները “հարցազրույց” են տալիս իրենց գեղերի “զանավեսկով” զուգարաններում, թեեւ նախագահականում ու ԱԺ-ում, Կառավարությունում… դրանք եվրավերանորոգված են… Եվ այդ ոհմակայինն ու այդ գավառականն այսօրվա Հայաստանի վերնախավն է` “արյունոտ հանդեսի թամադան”, ինչպես Տերյանը կասեր:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
www.conservative.am

No comments: