Tuesday, October 12, 2010

ԵԱՀԿ Մինսկի խումբը շոկի մեջ է ադրբեջանցիների արարքներից

News.am. 11-10-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային առաքելությունն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 12-ին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքով, առաքելությունը կավարտվի Քելբաջարի շրջան այցելությամբ:
Նա տեղեկացրել է, որ առաքելությանը մասնակցում են նաեւ 3 փորձագետներ, որոնցից երկուսը փախստականների գծով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի Ժնեւյան գրասենյակից են: Ֆասիեյի խոսքով, առաքելության նպատակը իրավիճակի մասին պատկերացում կազմելն է, եւ նման առաքելություններ ապագայում էլի են լինելու:
Ըստ ֆրանսիացի համանախագահի, բոլոր երեք փորձագետներն էլ այդ տարածքների գյուղերում հանդիպել են մեծաթիվ մարդկանց եւ հետաքրքրվել նրանց հումանիտար կարիքներով:
Հարցին, թե ինչո՞ւ է դաշտային առաքելությունն այցելել հակամարտության գոտու միայն մի հատվածը, որը գտնվում է ԼՂՀ վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ չի այցելել, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն պատասխանել է, որ իրեց հետաքրքրում են բոլոր շրջանները: «Սա առաջին առաքելությունն է, բայց ոչ վերջինը: Տարվա վերջին մենք նորից կայցելենք տարածաշրջան: Մենք մտադիր ենք այցելել բոլոր շրջանները, որոնք եղել են հակամարտության գոտում, բայց հիմա մենք պետք է լսենք այնտեղ ապրող մարդկանց»,- ասել է նա:
Ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ, իր հերթին, նշել է, որ շոկի մեջ էր, երբ իմացել է ադրբեջանական բանտում սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մասին: Նա ցավակցություն է հայտնել գերու մտերիմներին ու հարազատներին, շեշտելով, որ այդ փաստը ենթակա է մանրակրկիտ ուսումնասիրության, որում պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցները, մասնավորապես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:

No comments: