Tuesday, October 12, 2010

ՄԻԵԴ-Ը ԿՈՐՈՇԻ ՀՀ ՊԱՏԺԱՉԱՓԸ

«Լրագիր» 11-10-2010- 2009 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել սեփականությունից զրկված ՀՀ քաղաքացիներից երկուսի հայցով: Դատարանը որոշել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Նելլի Մինասյանի եւ նրա դստեր` Ելենա Դեմիրճյանի սեփականության իրավունքը` ապօրինաբար իրացնելով Նելլի Մինասյանին պատկանող Բուզանդի 9 հասցեում գտնվող բնակարանը;
ՀՀ կառավարությունն այս որոշումը չէր բողոքարկել, եւ դատարանը ժամանակ էր տվել քաղաքացիների հետ «հաշտվելու» համար: «Հաշտությունը» կկայանար այն դեպքում, եթե կառավարությունը Նելլի Մինասյանին եւ նրա դստերը համարժեք փոխհատուցում առաջարկեր:
Մինասյանի եւ նրա դստեր շահերը ներկայացնող փաստաբան Լիզա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կառավարությունն առաջարկել է մեկ սենյականոց բնակարան` Երեւանի քաղաքապետարանի մոտ գտնվող շենքերից մեկում, սակայն ԱՄՆ-ում բնակվող Նելլի Մինասյանն ու Ելենա Դեմիրճյանը չեն ընդունել Կառավարության կողմից առաջարկած փոխհատուցումը:

«Սա նշանակում է, որ Եվրոպական դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը եւ պետությանը կպարտադրի վճարել քաղաքացիներին»,- ասում է փաստաբան Լիզա Գրիգորյանը: Նշենք, որ քաղաքացիները որպես փոխհատուցում իրենց հայցում նշել են 200 հազար եվրո գումար:

Նելլի Մինասյանը նախկինում Երեւանի կենտրոնում բնակվող այն տասնյակ քաղաքացիներից մեկն է, ում տունը 2004-2005 թվականներին ապօրինաբար իրացվել է պետության կողմից, և դատարանի միջոցով նրանց պարտադրվել է պայմանագիր կնքել: Քաղաքացիները հետագայում բողոքարկել են այդ որոշումը ՀՀ դատական վերադաս ատյաններում, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց իրավունքները եւ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

No comments: