Thursday, October 28, 2010

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՏԵՂԱՆՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ»

«ԱԶԳ», 28-10-2010 - ՄԳԻՄՕ-ի «փայլուն շրջանավարտ» Իլհամ Ալիեւը, հնարավոր է, իր ժողովրդի պատմությանը մի քիչ տեղյակ է: Ասենք, ռուսերեն թարգմանությամբ կարդացել է միրզա Ադիգյոզալ-բեկի «Ղարաբաղ նամե»-ն եւ եզրակացրել, որ եթե «Փանահ Ալին կառուցել է Բայաթ, Շահբուլաղ բերդերը, հետո` Շուշին, ուր տեղափոխել է Շահբուլաղի եւ շրջակայքի բոլոր բնակիչներին», ապա «Լեռնային Ղարաբաղը իսկական ադրբեջանական հող է»:
Կարեւոր չէ, որ միրզա Ադիգյոզալ-բեկը Շուշիի վերջին խանի քարտուղարն էր եւ իր «աշխատությունը» գրել է պատվերով: Էական չհամարենք նաեւ այն, որ հեղինակը Փանահ Ալիին հստակորեն անվանում է «Իրանից եկվոր»: Փաստը, համենայն դեպս, կա. մարդը քաղաք է հիմնադրել: Ճիշտ է` Վարանդայի հողում: Եվ այնքան «տեր» է եղել, որ երբ անփառունակ մեռել է, նրան, նույն միրզա Ադիգյոզալ-բեկի վկայությամբ, «թաղել են Աղդամի իր կալվածքում»: Իսկ այդ «կալվածքն» էլ, ինչպես Րաֆֆին է վկայում, Փանահ-Ալին «գնել էր Խաչենի մելիքներից»:
Ուշադրություն չդարձնենք փաստին, որ «Ղարաբաղի խանությունը ստեղծվել է» 1750-ական թվականներին եւ «գոյատեւել» ընդամենը ոչ ավելի, քան 40 տարի: Եւ այդ «ադրբեջանական պետության» ոչ մի ինքնակոչ կառավարչի այդպես էլ չի հաջողվել վերացնել հայ ազնվականության ավատատիրական իրավունքներն իր տարածքի նկատմամբ: Եվ այդ իրավունքն այնքան օրինական է եղել, որ նույնիսկ խորհրդային Ադրբեջանի կենտգործկոմը, հռչակելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, հարկ է համարել ընդգծել, որ «հողը, ջուրը, անտառները մնում են որպես ներկա տերերի սեփականություն»:
Իսկ այժմ, հետեւելով Իլհամ Ալիեւի տրամաբանությանը, փորձենք ստուգաբանել մի քանի ադրբեջանական տեղանուններ:
Ղաջար - բառն ինքնին հուշում է, որ բնակավայրը հիմնադրել են «ղաջարները», իսկ բոլորին է հայտնի, որ այդ ցեղախմբի «բուն հայրենիքը» Ատրպատականում է` Իրանի հյուսիսում:
Ղարադաղլու - Ղարադաղը Ատրպատականի գավառ է, որտեղից եկածներն էլ նոր գյուղին տվել են իրենց «պատմական հայրենիքի» անունը:
Քենգերլի - նույնպես թուրքական ցեղախմբի անուն է, որի «հայրենիքը» դարձյալ Ատրպատականն է:
Ջինլի - Ատրպատականից եկած եւս մի թափառախմբի անուն է:
Շիրվանլու - Շիրվանից եկածներ, շիրվանցիների գյուղ: Շիրվանը Կուրի ձախափնյակի տարածք է:
Քյուրդլյար - անվանումն արդեն իսկ ամեն ինչ ասում է` քրդեր, քրդերի գյուղ:
Բաղլը-փայա - բառացիորեն նշանակում է «փակ գոմ» եւ վկայում, որ այն վաչկատուն անասնապահներն են հիմնադրել:
Օրթա-փայա - «միջնագոմ»:
Գյունե-փայա - «արեւահայաց գոմ»:
Ղարաչիլար - թուրքերեն «ղարաչի» ասում են գնչուներին:
Այսպես կարելի է երկար շարունակել: Տեղանունները հուշում են, որ թուրքական տարրը եկվոր է: Իրոք, եկել են, տեսել, որ մի տեղ շատ ընկուզենի կա եւ բնակավայրն անվանել են «Գոզլու»: Մի ուրիշ տեղ սերկեւիլն է առատ եղել, գյուղն ստացել է «Այվալու» անունը, իսկ մեկ այլ դեպքում քոչվորին դուր է եկել սառն աղբյուրը, եւ նա տեղանքը կնքել է «Սոյուխբուլաղ»:
Այնպես որ, Ադրբեջանի նախագահը թող զբաղվի իր անմիջական պարտականություններով: Գիտական ասպարեզում ադրբեջանցի դիլետանտներն առանց այդ էլ չափազանց շատ են, որ օրվա հաց վաստակում են «փանահաբանական հայտնագործություններով»: Ի՞նչ կարիք կա, որ միլիարդավոր դոլարների հարստություն ունեցող նախագահը նրանց հացին «վայիս» դառնա:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: