Tuesday, October 26, 2010

Թուրքիայի հետախուզական ծառայությունը զգուշացրել է Պոլսի քաղաքապետարանին՝ Դինքի հոդվածի առաջացնելիք բուռն հետևանքների մասին

HayNews.am. 26-10-2010- Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MIT) Պոլսում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը գրություն է ներկայացրել, որում նշվում է, թե MIT-ը զգուշացրել է Պոլսի քաղաքապետարանին՝ Դինքի՝ Աթաթուրքի որդեգրած աղջկա հայ լինելու մասին հոդվածի՝ հասարակության մեջ պայթյուն առաջացնելում մասին:
Միևնույն ժամանակ Թուրքիայի հետախուզական ծառայության գրության մեջ նշվում է. «Ակօսի» հրապարակումից հետո աղմուկը բարձրացել է հիմնականում մամուլի շրջանակներում, և դրանից դուրս ոչինչ չի եղել: Տրապիզոնի մեր աշխատակիցներից և այլ կառույցներից այդ առնչությամբ որևէ տեղեկություն չենք ստացել»:
Նշենք, որ 2004 թվականին լայն հասարակության համար հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթափա Քեմալ Աթաթուրքի որդեգրած աղջիկը՝ Սաբիհա Գյոքչենը, ազգությամբ հայ է, իրական անունը՝ Խաթուն Սեբիլջյանը: Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը համարվում է ռազմական ավիացիայի առաջին կին օդաչուն և մեծ ժողովրդականություն է վայելում Թուրքիայում:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնական(ների) կողմից արձակված կրակին զոհ դարձած Հրանտ Դինքի (սեպտեմբերի 15, 1954 թ, Մալաթիա-հունվարի 19, 2007 թ., Ստամբուլ) սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Սկզբում նշվում էր, որ սպանությունն իրականացրել է միայն Սամասթը, սակայն ավելի ուշ կասկածներ առաջացան, որ հայ խմբագրապետի սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Թունջելը:
Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը:
Թուրքիայում մինչ այժմ ընթացող դատական գործընթացը բազմիցս ենթարկվել է քննադատությունների՝ դանդաղության և մեղավորներին պատժելու բավարար կամք չցուցաբերելու համար:
Դինք ընտանիքի փաստաբանները դիմել են նաև Եվրոպայի մարդու իրավունքների դատարան՝ պահանջելով պատժել Թուրքիային՝ Դինքի սպանությունը չկանխելու համար: Եվրոպական դատարանը բավարարել էր հայցը, Թուրքիային մեղադրել կյանքի և խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու մեջ և պարտադրել էր փոխհատուցում վճարել:

No comments: