Wednesday, October 13, 2010

Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը մտահոգիչ է. ՀՀԿ

Tert.am. 13-10-2010- Այն, որ Ադրբեջանն ավելացնում է իր երկրի ռազմական ոլորտին հատկացվող բյուջեն, Հայաստանին չի խանգարում իրականացնել ԼՂ–ի հետ կապված իր ծրագրերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Ադրբեջանը կրկնակի մեծացնում է ռազմական բյուջեն։
«Ամեն տարի մենք դրա ականատեսն ենք լինում, բայց դա չի խանգարում մեր այն քաղաքականությանը, որն իրականացնում է հանրապետության նախագահը՝ կապված ԼՂ խնդրի լուծման հետ։ Այսինքն, իհարկե, դա մտահոգիչ է, իհարկե դրա մասին պետք է բարձրաձայնել, բայց որ դա խանգարի մեր ընդհանուր քաղաքականության իրականացմանը, ես, համենայն դեպս, չեմ տեսնում»,– հայտարարեց Կարեն Ավագյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պատասխանելով Ադրբեջանի այդ քայլին, Հայաստանը ևս մեծացնի իր ռազմական բյուջեն, Հանրապետական պատգամավորը պատասխանեց.
«Հայաստանը միշտ կոռեկտ է եղել և պահել է ռազմական խնդիրների լուծման հետ կապված ցանկացած պայմանավորվածություն և ցանկացած քաղաքականություն, որոնք ստանձնել է պայմանագրերով։ Եվ այս առումով էլ Հայաստանը պահում և իրականացնում է այդ քաղաքականությունը»։

No comments: