Friday, October 8, 2010

Խաղաղության Նոբելյան մրցանակը ազատազրկման մեջ գտնվող չինացի իրավապաշտպան է ստացել

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն (Liu Xiaobo) ` «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների երկարատև ու ոչ բռնի պայքարի» համար: Այդ մասին այսօր մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվել է Ստոկհոլմում, տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից:
Վերջին տասնամյակում Չինաստանը տնտեսական մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչի արդյունքում այդ երկիրը աշխարհի երկրորդ և մեծ տնտեսություն ունեցող պետությունն է, մարդիկ աղքատ միջավայրից դուրս են եկել, քաղաքականության մեջ ներգրավվելը բավականին դյուրացել է:
Չինաստանի Սահմանադրությամբ ամրագրված է խոսքի, հավաքների, երթերի ազատություն, սակայն գործնականում դրանք քաղաքացիների համար սահմանափակվել են, ասված է Նոբելյան մրցանակաբաշխության հաղորդագրության մեջ:
Երկու տասնամյակների ընթացքում իրավապաշտպան Լյու Սյաոբոն համարվել է Չինաստանում խոսքի ազատության ու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանը. Նա մասնակցել է 1989-ին Տյանանմենի հրապարակում տեղի ունեցած ցույցերին և ձերբակալվել 20 ամսով:
2009-ին Սյաոբոն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման և երկու տարով էլ զրկվել է քաղաքական իրավունքներից` «իշխանափոխություն իրականացնելու մտադրության» համար: Լյուն հետևողականորեն պնդել է, որ իր հանդեպ կայացրած դատավճիռը անարդար է ու հակասում է Չինաստանի մայր օրենքին` Սահմանադրությանը ու հիմնարար իրավունքներին:

No comments: